Աշխարհահռչակ ալտահարուհին՝ Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի թիվ 2 կոնցերտի ու հայկական ոգու մասին
«Առավոտը» տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ գործունեության շնորհիվ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվող, ավանդական դարձած Երեւանյան երրորդ միջազգային երաժշտական փառատոնի մասին (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Ալեքսանդր Չաուշյան): Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսականին, ի թիվս հայ երաժիշտների, կներկայանան արտերկրի ճանաչված երաժիշտներ եւս: Այսօր փառատոնային առաջին համերգը կբացի աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ): Կհնչի Տ. Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի թիվ 2 կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան): Նշենք, որ ալտահարուհու նախորդ ելույթը Հայաստանում կայացել է 1996թ.՝ «Սերենադ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ:
Տեղեկացնենք, որ Ք. Քաշքաշյանի նվագացանկը ընդգրկում է Բախի ստեղծագործություններից մինչեւ 20-րդ դարի դասականների՝ ալտի կոնցերտները: Այսօր երաժիշտը կամերային երաժշտություն է դասավանդում Բոստոնի New England Conservatory-ում: Իսկ հայտնի նվագախմբերի նրա մենահամերգներին՝ Հռոմում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլուր, հնչում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ավանգարդիստների երկեր, այդ թվում՝ Մանսուրյան, Պենդերեցկի, Կանչելի, Կուրտագի եւ այլն:
«Առավոտի» հետ զրույցում Ք. Քաշքաշյանն ասաց, որ երկար էր սպասել երեւանյան համերգին, որի հրավերը ստացել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից: Հարցին՝ Երեւանում կատարելու եք Մանսուրյանի կոնցերտը, որը երեք տարի առաջ ներկայացված էր նաեւ «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, արդյո՞ք վերջինում առկա ազգային երաժշտական մտածողությունը, որը գալիս է միջնադարից ու Կոմիտասից, այդքան հարազատ է ձեզ եւ այս երկը կարելի՞ է համարել մոդեռն երաժշտություն, երաժիշտը պատասխանեց. «Անշուշտ, մանսուրյանական երաժշտության մեջ կան միջնադարյան եւ հայկական ֆոլկի փայլատակումներ: Համերգից հետո հանդիսատեսը թող ասի՝ հարազա՞տ է այն ինձ, թե՞ ոչ: Կասեմ միայն, որ եթե ես որեւէ գործ կատարում եմ, ուրեմն այն իմ սրտին մոտ է: Ինչ վերաբերում է Մանսուրյանի այս գործին, մինչեւ օրս կոմպոզիտորի հետ զրույցում մշտապես շոշափվում է այն միտքը, որ դա, իրոք, առանձնահատուկ ստեղծագործություն է: Նախօրեին մեր հանդիպման ժամանակ եկանք հետեւյալ եզրահանգման, որ Ալտի այս կոնցերտը, ոչ ավել-ոչ պակաս, բխում է հայաստանյան քարերի երաժշտությունից»:
Մշտապես խոսում ենք, որ աշխարհը ճանաչում է հայերին ու Հայաստանը, որ մեր մշակույթը կարեւոր տեղ ունի համաշխարհային արվեստի գանձարանում: Հետաքրքրվեցինք՝ այս միտքը հաստատո՞ւմ է անվանի երաժիշտը: «Իհարկե, Հայաստանը ճանաչված է որպես արվեստի երկիր ոչ միայն երաժշտությամբ, այլեւ գրականությամբ եւ մշակույթի այլ ոլորտներով: Եվ եթե այսօր հայ եւ ճակատագրի բերումով Սփյուռքում ծնված, մեծացած ու ուսում առած հայազգի արվեստագետների, ինչպես նաեւ իմ արվեստի նկատմամբ հետաքրքրություն կա, ուրեմն առանց համեստության կարող ենք բարձրաձայնել, որ հայ մշակույթը միշտ էլ բոլոր ազգերի ուշադրության կենտրոնում է»,- պատասխանեց Ք. Քաշքաշյանը:
Երաժշտի հետ զրույցում խոսեցինք նաեւ 1988-ի երկրաշարժից հետո նրա ոչ միայն բարեգործական համերգների, այլեւ երեխաների նկատմամբ ցուցաբերած մարդասիրության մասին: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց, որ արվածը բարեգործություն չի համարում եւ չի ընդունում, երբ դրա մասին բարձրաձայնում են: