Լատվիայի Սեյմը հինգշաբթի օրը լիագումար նիստում դեմ է քվեարկել երրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծին, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հանուն մարդու իրավունքների՝ միասնական Լատվիայում» կուսակցությունը: Իսկ օրինագծով առաջարկվում էր ուղղափառների Սուրբ ծննդյան տոներին պաշտոնական կարգավիճակ տալ՝ հունվարի 6-ը եւ 7-ը պաշտոնապես ճանաչել տոնական օրեր եւ հայտարարել ոչ աշխատանքային: «Newsru»-ի մատուցմամբ, օրինագծի հեղինակ ընդդիմադիր կուսակցությունը, որը պաշտպանում է Լատվիայի ռուսախոս բնակչության շահերը, Սեյմում ընդամենը 5 պատգամավոր ունի:
Օրինագծին «դեմ» արտահայտված օրենսդիրները հայտարարել են, թե՝ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ պաշտոնապես ճանաչել նաեւ մուսուլմանների, բապտիստների, ադվենտիստների եւ կրոնական մյուս համայնքների տոները, եւ այդպիսով Լատվիայում «կլինեն անդադար տոնակատարություններ»:
Հավելենք, որ Լատվիայի հավատացյալ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը լյութերաններ են, իսկ ուղղափառ կրոնի հետեւորդները ընդամենը 350 հազար են: