«Hurrriyet daily news»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում հինգ հայ զինծառայողներ են սպանվել, եւս երեք հայ եւ մեկ ադրբեջանցի զինծառայողներ վիրավորվել են բախման ժամանակ: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանական ուժերի վրա: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է փոխհրաձգության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։ «Նման լուրերն ադրբեջանական քարոզչության երեւակայության արդյունք են։ Ոչ մի փոխհրաձգություն չի եղել։ Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերահսկում են հակամարտության գոտու շփման գիծը՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին՝ պահպանել 1994թ. հրադադարի մասին պայմանավորվածությունը»,- «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԼՂՀ ՊՆ պաշտոնյան։