Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ հայտարարել է իր երկրի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին: «Այսօրվանից մենք ճանաչում ենք այս երկու հանրապետությունները»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ՝ ասել է Չավեսը հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ժամանակ: Վերջինս շնորհակալություն է հայտնել Չավեսին՝ այդպիսի որոշում կայացնելու համար: «Մենք միշտ համարել ենք, որ այդ երկրների անկախության ճանաչումը կամ չճանաչումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան գործն է: Բայց մենք, իհարկե, անտարբեր չենք այդ էթնիկ պետությունների ճակատագրի նկատմամբ»,- ասել է ՌԴ նախագահը: Հիշեցնենք, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունն ավելի վաղ ճանաչել էր միայն երկու պետություն՝ Ռուսաստանն ու Նիկարագուան:

Հատկանշական է նաեւ, որ Վենեսուելայի նախագահը այսօրինակ հայտարարություն արել է Մոսկվայում, ուր ժամանել է՝ նաեւ վարկով ռուսական զենք ստանալու նպատակով, որովհետեւ նավթի գների անկման պատճառով Վենեսուելայի վճարողունակությունն անկում է ապրել: Չավեսը երեկ արդեն հանդիպել է ոչ միայն ՌԴ նախագահի, այլեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում է, որ Կարակասի եւ Մոսկվայի միջեւ կստորագրվեն մոտ տասնյակ փաստաթղթեր, որոնք վերաբերելու են էներգետիկ, ֆինանսական եւ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությանը: «Կոմերսանտի» փոխանցմամբ, Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Կարակասին՝ փոխարենը հույս ունենալով ամրապնդել նավթային ալյանսը Վենեսուելայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել