Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը նախօրեին, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված՝ «Վրաստանում Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից ներքին տեղահանվածների եւ փախստականների վիճակի մասին» բանաձեւը: BBC-ի փոխանցմամբ, բանաձեւին «կողմ» է քվեարկել 48 պետություն, 19-ը՝ «դեմ» եւ 78 պետություն՝ «ձեռնպահ»: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, Ադրբեջանը բանաձեւին «կողմ», իսկ Հայաստանը՝ «դեմ» է քվեարկել:
Բանաձեւում ամրագրված է, որ Վրաստանում հակամարտության արդյունքում տուժած բոլոր ներքին տեղահանված անձինք եւ փախստականները, ինչպես նաեւ նրանց ժառանգները, անկախ իրենց էթնիկ ծագումից, իրավունք ունեն վերադառնալ իրենց տները Վրաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Ռուսաստանը, բնականաբար, «դեմ» է քվեարկել բանաձեւին, իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը (նկարում) բանաձեւի ընդունումը որակել է որպես՝ «քաղաքականությամբ մոտիվացված»: «Վրացական նախագիծը ոչ մի ընդհանրություն չունի հումանիտարիզմի վեհ նպատակների եւ հոգածության հետ, որոնց մասին հայտարարում են դրա հեղինակները»,- ասել է Չուրկինը: Փոխարենը բանաձեւի ընդունումը ոչ միայն ողջունել, այլեւ այն որպես Ռուսաստանի կողմից կրած դիվանագիտական պարտություն է որակել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ ժողովրդավարական միջազգային ողջախոհ ուժերը չեն հաշտվի այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում՝ ագրեսիա, օկուպացիայի եւ էթնիկ զտման փորձ: Մենք երբեք չենք զիջի մեր գլխավոր՝ ազատության եւ տարածքային ամբողջականության իրավունքը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: