Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փորձագետները, որոնք զբաղվում են առեւտրի եւ զարգացման հարցերով, զեկույց են պատրաստել, որով առաջարկում են հրաժարվել դոլարից՝ որպես միջազգային արտարժույթի: Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ դոլարի փոխարեն անհրաժեշտ է ներդնել նոր գլոբալ միջազգային արժույթ՝ ոսկու տեսքով: Դա կարող է լուծել միջազգային առեւտրի ոլորտում ապակայունացման հետ կապված մի շարք խնդիրներ: Զեկույցում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային ֆինանսական համակարգում ամենաարմատական բարեփոխումներն է առաջարկում, ընդգծված է, որ այսօր գործող համաշխարհային արժութային համակարգը արդյունավետ չէ, արգելակում է համաշխարհային տնտեսության զարգացումն ու տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է:
Այս զեկույցը առաջին դեպքն է, երբ դոլարի վերաբերյալ համանման ծայրահեղ քննադատական եզրահանգումների ու խորհրդատվությունների հանգել է այնպիսի բազմազգ ինստիտուտ, ինչպիսին ՄԱԿ-ն է: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ այս եզրահանգումն արվել է Պիտսբուրգում կայանալիք «մեծ 20-յակի» գագաթաժողովի նախօրյակին: Ընդսմին, ՄԱԿ-ի փորձագետները ոչ միայն փաստն են արձանագրում, այլեւ առաջարկում են «սինթետիկ» արժույթի ստեղծման իրենց ծրագիրը, որը նման է Բրետտոն-Վուդի համաձայնագրերին, որոնցով ժամանակին դոլարը համարվեց համաշխարհային արժույթի առաջնորդ: ՄԱԿ-ի փորձագետների կողմից առաջարկվող այս ծրագիրը կարող է կարգավորել փոխանակման կուրսերը եւ կպարտավորեցնի Կենտրոնական բանկին՝ ազգային արժույթի պահպանման կամ թուլացման նպատակով ինտերվենցիաներ անել: