Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Նրանք էլ հիասթափված՝ ուզում են լքել երկիրը

\"\"
Երիտասարդ օլիմպիականները՝
Նիգերիայի օլիմպիական թիմի ղեկավարի հետ:

Վահե Գալստյանը, Հայկ Սարիբեկյանն ու Վահագն Ասլանյանը ՀՀ բուհերի 1-ին կուրսի ուսանողներ են: Երիտասարդներին միավորում է այն, որ 3-ն էլ ավարտել են «Քվանտ» վարժարանը եւ վերջին մի քանի տարիներին անընդմեջ մասնակցել են միջազգային օլիմպիադաների: Օրինակ՝ Վահեն 9-րդ դասարանում մասնակցել է ֆիզիկայի եւ աստղագիտության միջազգային օլիմպիադաներին՝ Իտալիայում եւ Վիետնամում, այս տարի էլ Մեքսիկայի Մերիդա քաղաքում կայացած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում վաստակել է բրոնզե մեդալ: Հայկն էլ 2007-ին՝ Խորվաթիայում, 2008-ին՝ Եգիպտոսում է մասնակցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի՝ 2008-ին արժանանալով բրոնզե մեդալի: Նույն տարում Իտալիայում մասնակցել է աստղագիտության միջազգային օլիմպիադային՝ արժանանալով ոսկե մեդալի: Իսկ այս տարի երիտասարդ օլիմպիականը մասնակցել է մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներին՝ ինֆորմատիկայից վաստակելով արծաթե մեդալ: Վահագնն էլ 2007-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների մաթեմատիկայի օլիմպիադային, 2008-ին Իսպանիայում՝ Մադրիդում, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային, իսկ 2008-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների մաթեմատիկայի օլիմպիադայում արժանացել է 1-ին մրցանակի, այս տարի ամռանն էլ Գերմանիայում՝ Բրեմենում կայացած մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում վաստակել է բրոնզե մեդալ:

«Առավոտի» տեղեկություններով՝ նշված հաջողություններից հետո երիտասարդները հայրենիքում պետական համապատասխան մարմինների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանացել: Երիտասարդներին ոչ միայն չի տրվել ֆինանսական աջակցություն՝ երկրի պատիվը բարձր պահելու համար, այլեւ նրանց հաղթանակը չի խրախուսվել շնորհավորանքների ձեւով՝ կրթության ոլորտի պատասխանատուների կողմից:

Երիտասարդ օլիմպիականները հյուրընկալվեցին «Առավոտի» խմբագրությունում: Զրույցի ընթացքում նրանց զուսպ խոսքից նկատվում էր, որ սրտի խորքում մի փոքր վիրավորված են: Օրինակ՝ մեր այն դիտարկմանը, թե սպորտի բնագավառի հաղթանակները հասարակական մեծ հնչեղություն են ստանում, հաղթանակած մարզիկներին նույնիսկ օդանավակայանից են դիմավորում, Հայկն այսպես պատասխանեց. «Մի քանի տարի առաջ սպորտում էլ առանձնապես հաջողություններ չունեինք, բայց երբ սկսեցին ուշադրություն դարձնել, հաջողությունները զգալի դարձան: Իսկ մեր բնագավառում այդպիսի բաներ չեն նկատվում, բայց հաստատ պոտենցիալ կա Հայաստանում. շատ են խելացի երեխաները, բայց չկա պետական ուշադրություն եւ, հետեւաբար, շահագրգռություն»: Երբ երիտասարդներին հարցրինք՝ թե որեւէ անգամ իրենց ԿԳՆ-ից հրավիրել եւ շնորհավորե՞լ են հաղթանակների համար, պատասխանեցին. «Միայն մեկ անգամ են կանչել քաղաքային օլիմպիադայից հետո՝ գրիչ, հանրագիտարան նվիրել»: Այս առիթով Վահագնը հիշեց. «Օրինակ, Թուրքիայում բրոնզե մեդալ ստանալու դեպքում պետությունը պարգեւատրում է 3000, արծաթե մեդալի դեպքում՝ 4000 դոլարով»:

Սեփական պարգեւատրությունից ավելի՝ երիտասարդներին մտահոգում է միջազգային օլիմպիադայի մեկնելիք թիմի նախապատրաստման աշխատանքները: Հայկը նկատեց. «Լեհաստանի ինֆորմատիկայի թիմի ղեկավարը պատմում էր, որ տարին 100 հազար եվրո տրամադրվում է միայն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային պատրաստվելու համար, միայն 50 մասնագետ աշխատում է այդ ուղղությամբ, որ խնդիրներ կազմեն, երեխաներին նախապատրաստեն: Իսկ մեզ մոտ խնդիրները հնարավոր է ընտրեն ընդամենը օլիմպիադայի նախորդ մի քանի օրերին»: Վահագնն էլ նշեց. «Միջազգային օլիմպիադային մասնակցող հայաստանյան թիմի հանձնաժողովի նախագահը նշանակվում է նախարարության կողմից, ապրիլին՝ օլիմպիադայից ընդամենը 2 ամիս առաջ: Իսկ եթե դա կատարվի սեպտեմբերին, ապա ժամանակն ավելի շատ կլիներ թիմին նախապատրաստելու համար»: Վահեն էլ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մի շարք այլ դժվարություններ նշեց. «Քանի որ մեր կրթական համակարգը 10-ամյա էր, իսկ աշխարհի մյուս երկրներինը՝ 12-ամյա, մեզ համար ավելի դժվար էր մրցել նրանց հետ: Նախ մենք նրանցից 2-4 տարի փոքր էինք, հետո շատ բաներ կային, որ մենք պիտի արդեն համալսարանում անցնեինք, իսկ նրանք բարձր դասարաններում արդեն անցել էին: Հետո մեր երկրում լաբորատորիաներ քիչ կան, ինչը եւս բարդացնում է մեր գործը: Արտասահմանյան երկրներում երեխաներին պարբերաբար տանում են գիտական հաստատություններ, լաբորատորիաներ, անգամ եթե նրանց խելքը չի հասնում, հայտնի գիտնականներ են նրանց համար դասախոսություններ կարդում, իսկ մեզ մոտ՝ ոչ: Ռուսաստանից մեզ առաջարկ եղավ իրենց առաջատար բուհերում առանց ընդունելության քննության սովորելու, իսկ մեր երկրում, միայն օլիմպիական մեդալի դեպքում կարող ես քննություններին չմասնակցել: Բայց ընդունելության քննությունները օլիմպիադայից առաջ էին, ու մենք չգիտեինք ինչ մեդալ կբերենք, ուստի ստիպված էինք եւ ընդունելության, եւ օլիմպիադայի համար պարապել»:

Հայկն էլ անդրադարձավ խնդրի մյուս ցավոտ կողմին. «Ամբողջ հանրապետութունից միջազգային օլիմպիադաներին 1-2 դպրոց է մասնակցում: Պետական եւ մարզերի դպրոցները համարյա թե չեն մասնակցում: Բայց գուցե այնտեղ կան շատ ավելի խելացի երեխաներ, քան մայրաքաղաքում, պարզապես նրանք չգիտեն, որ կարող են մասնակցել կամ ինչպես, դրա համար էլ չբացահայտված են մնում»: Ուսանողները հիասթափություն ապրելով, արդեն որոշել են առաջիկա տարիներին մեկնել արտասահման՝ սովորելու: Նրանց խոսքով, իրենք այն աստիճանի են հասել, որ նույնիսկ չեն էլ ուզում դժգոհություն հայտնել, քանի որ, միեւնույն է, օգուտ չկա, մյուս կողմից էլ հիասթափությունը հաճախ մեծ չի լինում, քանի որ նախօրոք չկան սպասելիքներ: Չնայած ԿԳՆ-ն է հոգում միջազգային օլիմպիադաների մասնակիցների բոլոր ծախսերը՝ օլիմպիադային մասնակցելու համար, սակայն երբեմն գումարի սղության պատճառով որոշ անձանց չի հաջողվում մասնակցել օլիմպիադաներին: Դա հիմնականում նկատելի է աստղագիտության միջազգային օլիմպիադայի դեպքում, որի հայաստանյան մասնակիցները հիմնականում տուժում են այն պատճառով, որ այն սովորաբար կազմակերպվում է տարեվերջին, իսկ նախարարության բյուջեն մինչեւ այդ՝ համարյա դատարկված է լինում: Բայց «Առավոտի» զրուցակիցները մինչեւ վերջ հուսահատված չեն, շնորհակալություն են հայտնում «Քվանտ» վարժարանին ու իրենց ուսուցիչներին, ավագ ընկերներին, իսկ կրտսերներին խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել հիասթափեցնող հանգամանքներին, մասնակցել ու մեդալներ բերել միջազգային օլիմպիադաներից:

Իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քանիցս շեշտեց հասարակական գիտակցության մեջ գիտելիքների եւ կրթվածության դերի բարձրացման կարեւորությունը: «Մենք պետք է ոչ միայն գիտելիքահեն տնտեսություն, այլեւ՝ գիտելիքահեն հասարակություն ստեղծելու մասին մտածենք»,-ասաց նախարարը, նշելով, որ պիտի մարդիկ տեսնեն, որ ավելի կրթվածները, խելացիներն ու գիտունները ավելի բարեկեցիկ են ապրում: Կարծում ենք հասարակական գիտակցության մեջ գիտելիքի դերը բարձրացնելու հրաշալի առիթ է այս կարգի երիտասարդներին ամենաբարձր մակարդակով խրախուսելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել