Լրահոս
Օրվա լրահոսը

2. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"
Նուբար Պերպերյանը որդու, հարսի եւ թոռների հետ:

\"\"
Փիրուզա Երեկյանը որդու ընտանիքի հետ:

\"\"
Սեբու Սիմոնյանը եւ Մարգարիտ
Նշանյանը թոռնուհու հետ:

\"\"
Թադեւոս եւ Մարգարիտ
Բերբերյաններ,
1920 թ. լուսանկար:

«Կարմիր թաղի» 30-ական թվականների կարմիր կղմինդրով տներից մի քանիսն են մնացել: Ամեն տուն, ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի, չորս ընտանիքի համար էր՝ առանձին մուտքերով ու տնամերձ հողամասով: Կղմինդրե տուն տեսնելով, դարպասից ներս մտա: Երիտասարդ կինը ամուսնու եւ որդու հետ ջանասիրաբար գորգեր էր լվանում: Կինն ինձ տուն առաջնորդեց: Հայտնվեցի խոհանոցում, որտեղ տարեց մարդը կնոջ հետ լահմաջու պատրաստելով էին զբաղված:

Սեբու Սիմոնյանի եւ Մարգարիտա Նշանյանի հետ զրույցս սկսեցի լահմաջուից:

– Ձեր պատրաստածը ինչո՞վ է տարբերվում քաղաքում վաճառվող լահմաջուից:

– Այնտեղ միսը ջրիկ է ու վրձնով են քսում, իսկ այստեղ միսը հատուկ ենք պատրաստում: Համեցեք, համտես արեք,- առաջարկեց Մարգարիտան:

– Չէ, շնորհակալություն, ես կծու չեմ ուտում:

– Իսկ սա կծու չէ:

– Ձեր նախնինե՞րն են այս բնակարանը ստացել,- զրույցի թեման փոխեցի ես:

– Այո, հայրս՝ Հայրապետ Սիմոնյանն է ստացել: 12 տարեկան էի, երբ «Պոբեդա» նավով Եգիպտոսից Հայաստան եկանք:

– Սեբուն ի՞նչ է նշանակում:

– Սեպուհն է, այստեղ Սեբու ասացին, այդպես էլ մնաց: Հայրս Թոկատից էր: Եղեռնին թուրքերը կոտորեցին բոլորին: Միայն վեցամյա հայրս էր փրկվել: Հայ բնակչությանը զինվորները անապատ էին քշում, երբ թուրք մարդ ու կին մոտեցան զինվորին եւ խնդրեցին վեցամյա պատանուն իրենց զիջել, քանի որ իրենք երեխա չունեին: Զինվորը համաձայնեց, ու այդ օրվանից Հայրապետը իր ծնողներին ու քրոջը չի տեսել: Ունեւոր թուրքի ընտանիքում երեխան օրեցօր թուրքանում էր: Թուրք երեխաների հետ էր խաղում, թուրքերեն խոսում: Մի անգամ փողոցում մի օտարական մարդ է տեսնում նրան ու խոսում հետը:

– Հայ ե՞ս դու,- հարցնում է նա:

– Հայ եմ,- պատասխանում է տղան:

– Սեբաստիայում հայ երեխաների համար որբանոց է բացվել, կուզե՞ս այնտեղ տեղափոխվել:

– Այո, շատ եմ ուզում, – պատասխանել էր տղան:

Մի քանի օր Հայրապետը չէր խոսում տանը: Ճաշի ժամանակ թուրք հայրացուն հարցնում է.

– Բա՞ն է պատահել:

– Ես հայ եմ…,- պատասխանում է տղան,- ուզում եմ որբանոց գնալ:

Թուրքը չի առարկում, կնոջը հանձնարարում է ամեն անհրաժեշտը պատրաստել եւ տղայի հետ տանել Սեբաստիայի որբանոց: Որբանոցում չգիտեին, թե ինչ ազգանուն գրեն, վերջապես, Սիմոնյան են գրում: Պատանի հասակում որբանոցում ծանոթանում է Աղավնի Հաջինյանի հետ, պսակվում են, տեղափոխվում Եգիպտոս:

– Հայրս Կահիրեի օդակայանում զոդող էր աշխատում: Աղավնին, որը դաշնակցության անդամ էր, խիստ հայրենասեր կին, համոզում է ամուսնուն հայրենիք տեղափոխվել: Հիշում եմ, նավում, երբ մոտենում էինք Բաթումին, ասացին, որ մեզ մոտ եղած ուտելիքը թափենք ծովը, քանի որ տեղի մարդիկ չպետք է տեսնեն, թե ինչ ենք մենք ուտում: Երբ հաց բերեցին մեզ համար, հասկացանք, թե ինչ նկատի ունեին: Սեւ հացը մզում էինք, քամում ջուրը, չորացնում, նոր միայն ուտում: Խորհրդային երկրում սով էր: Այստեղի օդակայանում որպես զոդող արգելեցին աշխատել, քանի որ հայրենադարձներին անվտանգության մարմինները այնքան էլ չէին վստահում: Ստալինյան ջրանցքում որպես բանվոր էր աշխատում: Հետո հորս Նուբարաշենի կոշիկի ֆաբրիկայում որպես զոդող ընդունեցին: Կոշիկի ֆաբրիկայում 45 տարի կոշկակար եմ աշխատել: Երեք աղջիկ ու մի տղա ենք մեծացրել:

– Հայրս՝ երզնկացի Ավագ Նշանյանը 1925-ին է հայրենադարձվել Հունաստանից,- ասաց Մարգարիտան,- նա 1935-ին ավարտել է Երեւանի պետհամալսարանի տնտեսական բաժինը, 41-ին ռազմաճակատ է մեկնել ու չի վերադարձել: Թուրքերը 1915-ին վառել էին տատիս աչքերը, գլխատել պապիս: Ինքս շնորհակալ եմ, գոհ եմ կյանքից, Աստծու տվածից:

– Ինչքա՞ն տնամերձ ունեք,- հարցրի ես:

– 900 մետր քառակուսի,- ասաց Սեբուն,- ոռոգման ցանց չկա: Խողովակները ժանգոտել են, շարքից դուրս եկել: Էդ հարցով զբաղվող չկա: Ստիպված խմելու ջուրն ենք օգտագործում: Սովետի ժամանակ Նուբարաշենում ոնց որ մի ընտանիք լինեինք: Բոլորն իրար ճանաչում էին, հարգում, օգնում միմյանց: Կողպեքի կարիք չկար: Չանգյալ էինք գցում ու գնում քաղաք: Տուն կառուցելիս բոլոր ընկերներս եկան, օգնեցին: Հիմա մարդիկ փոխվել են, որակական անկում կա: Դե, ժամանակներն են այդպիսին…

20-րդ փողոցում կղմինդրե տանիք տեսնելով՝ մոտեցա դարպասներին: Ժպտադեմ, լիքը մարմնով տղամարդը դիմավորեց ու բակ հրավիրեց: Վարորդ Եղիազար Սահակյանը պատմեց, որ ծնողները՝ Մեսրոպ եւ Ազնիվ Սահակյանները Կիպրոսի Քելեկյան որբանոցից են 1932-ին Հայաստան գաղթել:

– Հայրս Վանի Կուռապաշտ գյուղից էր, մայրս՝ Շատախից: Խանջյանը ընդունել է, Կոնդի թաղամասում հիվանդանոցի տեղը հանրակացարան կար, սենյակ է հատկացրել, օպերայի եւ բալետի թատրոնի շինարարությունում աշխատանքի տեղավորել: Հետո Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի հետեւի տներում բնակարան ստացանք:

– Իսկ այստեղ ե՞րբ տեղափոխվեցիք:

– 1979-ին այս տան տիրոջ՝ Մելքոն ամու հետ փոխանակեցինք մեր բնակարանը, նրանք մեկնեցին ԱՄՆ,- ասաց Եղիազարը, ապա շարունակեց,- Մելքոն ամու տղան՝ Վանիկը, յոթ տարի առաջ այցի եկավ հնդկուհի կնոջ հետ՝ տեսնելու հայրական տունը: Հիմա 700 քառակուսի մետր տնամերձից 300-ն են սեփականաշնորհել, մնացածի համար 800 հազար դրամ գումար են ուզում: Որտեղի՞ց տամ: Հասարակ վարորդ եմ, ռոճիկ եմ ստանում:

– Ի՞նչ եք հիշում մանկությունից:

– Եվրոպայից բերած թուջե խողովակներով ջուր բերեցին Գառնիից:

– Այս տան մյուս առաջին բնակիչները կա՞ն:

– Չէ, բոլորն էլ ետ են գնացել: Գասպարյանները Կիպրոսում են, Բայրամյանները՝ Ռուսաստանում…

– Իսկ մեզ մոտ չե՞ք գա,- դիմեց տարեց մի մարդ:- Գրիգոր Երեկյանն եմ: «Պոբեդա» սպիտակ նավով Բեյրութից ենք 1947- ին հայրենադարձվել: Հիշում եմ՝ Բեյրութի ծովափին նավերն էի հաշվում:

– Ծունկդ ինչպե՞ս է հիմա, – հարցրեց Եղիազարը, ապա դարձավ իմ կողմը,- 2 անգամ վիրահատել են:

– Ծնողներդ կա՞ն,- հարցրի ես:

– Հայրս՝ չէ, բայց մայրս կա, 76 տարեկան է: Երբ Խարբերդ հասանք, հայրս ասաց. գնամ տեսնեմ՝ ինչ կա: Նոյեմբեր ամիսն էր: Խարբերդի կոլտնտեսության նախագահն ասաց, որ եթե աշխատեն՝ կապրեն: Տղաներին էլ տրիկոտաժում տեղավորեցին: Ամեն ինչ վաճառեցինք, որ հաց գնենք: Մայրս ոսկի ականջօղերով հինգ կիլոգրամ ալյուր գնեց: Փոքր քրոջս 12 տարեկանում տրիկոտաժում գործի ընդունեցին: Ոտքերի տակ տախտակ էին կապել, որ հասնի դազգահին: Տեղաշորերը քանդեցին, հինգ կիլո բուրդ արեց, փոխանակեցին հինգ կիլո բազուկի հետ, որ շաքարի տեղ՝ թեյ խմելիս էինք օգտագործում:

– Որտե՞ղ եք աշխատում:

– Դպրոցում հյուսնություն եմ անում: Երկրորդ անգամ վիրահատվելու փող չունեի: Բախտս բերեց, ընտրություններից երկու օր առաջ «Բարգավաճը» բարեգործական ակցիա էր ձեռնարկել, ոտքս ձրի վիրահատեցին:

Մորը՝ Փիրուզա Երեկյանին լուսանկարեցի թոռների, որդու, դստեր հետ:

– Երանի եկած չըլլայինք,- ասաց մայրը:

Հարազատ մնալով քարտեզի գծին, կղմինդրե տանիքով հաջորդ տան բակում հայտնվեցի, որտեղ ինձ դիմավորեց մեծահասակ մի կին ու ներկայացավ.

-Արաքսի Գրիգորյան: Մի տարեկան էի, երբ ծնողներիս՝ Գեւորգ ու Զարդուհի Նաջարյանների հետ 1936-ին հայրենիք եկանք: Հայրս 1941-ին պատերազմ մեկնեց, այնտեղ էլ 43-ին սովից մահացավ: Մայրս աշխատել է, մի կերպ պահել, մեծացրել չորս երեխաներին: Ես մինչեւ չորրորդ դասարան եմ սովորել, ստիպված էի աշխատել: 49 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, որի համար 31 հազար դրամ թոշակ եմ ստանում:

– Երեխաներդ ի՞նչ են անում:

– Սովորել, ավարտել են, բայց չեն աշխատում:

– Անցած տարիներից ի՞նչ եք հիշում:

– Սեւ ավտոները: 1949 թվականին մեծ մորեխներ էին լցվել, ուտում էին ամեն ինչ: Փողոցներում բեռնատարներ էին լցվել: Պողոսենց, Ժանեթենց, ուրիշ շատերին ընտանիքով լցրին ավտոները, տարան Սիբիր: Այդպես էլ չվերադարձան: Ամուսինս կահույք սարքող էր: Ստիպված թողեց գործը, որ չաքսորեն: Ձեզ խորհուրդ կտայի Նուբարին տեսնեք: Ավանի առաջին ծնունդն է:

Հաջորդ փողոց անցա: Կղմինդրե տան ներսից տղամարդու ձայն էր լսվում: Դժվարությամբ կարողացա դուրս կանչել: Բացատրեցի խնդիրս:

– Ախպեր ջան, ես Ապարանից եմ, նոր եմ եկել: Տան տերերը տեղ են գնացել, խնդրել են, որ տունը մի քանի օրով նայեմ: Ոչ մի բան մի գրի: Ոչ էլ նկարել է պետք:

– Այս տունը 30-ականների՞ց է: Կղմինդրե տանիք ունի:

– Ախպեր ջան, չգիտեմ էլ, թե ինչ տանիք ունի: Ո՞վ է նայել: Դիմացի տան տերերը Հունաստանից են, երեւի նրանց հետ հետաքրքիր լինի խոսել:

Դուրս եկա փողոց, որոշելով հանդիպել Նուբարաշենի առաջնեկին: 18-րդ փողոցի միակ բաց դարպասով ներս մտա: Բակում ընդառաջ եկավ բարձրահասակ երիտասարդը: Դեմքը ծանոթ թվաց, բայց չկարողացա հիշել: Բնակարան հրավիրեց: Ասացի, որ Նուբար Պերպերյանին եմ փնտրում:

– Հիմա կկանչեմ,- ասաց նա,- հայր, քեզ են հարցնում:

Սենյակ մտավ բարձրահասակ, տարեց մի մարդ:

– Հայր, գրող Բակուր Կարապետյանն է քեզ հարցնում:

Դիմեցի երիտասարդին.

– Կներեք, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե որտեղ եմ տեսել ձեզ:

– Դուք հաճախ էիք Բերձոր գալիս, իսկ վերջերս չեք երեւում:

– Ուրեմն այնտեղ եմ տեսել:

– Մենք ծանոթ չենք, բայց ես ձեզ գիտեմ: Կնոջս գուցե ճանաչեք, Լիլիթը բժիշկ Արցախ Բունիաթյանի դուստրն է:

– Տեսա՞ք, որ բարեկամ դուրս եկանք,- ասացի ես,- քանի որ Արցախը մոր կողմից Մեծ շեն գյուղից է ու ազգակցական կապ ունի մեր տոհմի հետ:

Նուբարը պատրաստակամություն հայտնեց պատասխանել իմ հարցերին:

– Չէ, ես ուզում եմ զրուցենք անցած տարիների, ներկայի մասին:

– Հասկացա ձեզ,- ասաց զրուցակիցս,- հայրս՝ Թադեւոսը, ծնունդով Թուրքիայի Յոզղաթից է, որտեղ եղեռնը ամենադաժան բնույթ ուներ: Յուզղաթը Կիլիկիայի մոտ է, որտեղ ֆրանսիական բանակն էր: Հայ երիտասարդները ֆրանսիական բանակ էին մտնում, որ պայքար մղեն Հայաստանի ազատագրման համար: Ընկերների խմբի հետ հայրս վրեժ էր լուծում թուրքական հայտնի ընտանիքներից: Թուրքական իշխանությունները ամենուր փնտրում էին նրան: Ստիպված էր Հունաստան փախչել: Նավում վերմակի մեջ էին փաթաթել, հետո դատարկ տակառի մեջ էր թաքնվել, այդպես Հունաստան հասել: 1932-ին հայրս կնոջ հետ Հայաստան եկավ: Քաղաքի կենտրոնում վրան էին խփել: Նուբարաշենում առաջին տունը հորս տվեցին: Հաջորդ տարի Աղասի Խանջյանն էր նորակառույց ավան եկել:

– Ի՞նչ նորություն ունեք,- հարցրել էր նա:

– Առաջին երեխան է ծնվել:

– Անունը Նուբար դրեք,- ասել էր հանրապետության ղեկավարը,- մեծ բարերարի անունն է, համ էլ իսկական նուբար է:

– Շատ դժվար էինք ապրում: Հիշում եմ, տնամերձում ցորեն էր ցանել: Հայրս Ամերիկայում ապրող ավագ եղբորը գրել էր, որ հաց ուղարկի: Պետանվտանգությունից գիշերը գալիս, տանում են հորս: Երեք ամիս չարչարելուց հետո բաց են թողնում: Բայց ՊԱԿ-ի խոնավ նկուղի երեք ամիսները հասցրին քայքայել նրա առողջությունը:

– Ինքներդ ի՞նչ եք հիշում:

– 1941-ին ռուսական զորամասը Նուբարաշենի ակումբը կացարանի վերածեց: Տասը տարեկանում բանակի հնոցն էի վառում: Օրական 300 գրամ հաց էին տալիս: Տրիկոտաժի ֆաբրիկա հիմնվեց: Աշխատողները թել, կտորներ էին դուրս բերում, մթերքի հետ փոխանակում: Ոտքով գնում էինք քաղաք՝ հաց, շաքարավազ, կարկանդակ գնելու: Մի անգամ ընկերոջս՝ Սահակի հետ հաց էինք առել ու տուն էինք վերադառնում, միլիցիոներները բռնեցին, որ փեզո տանեն: Կապիտան Անդրե կար, քաղաքը ձեռքին էր պահում, ջղայնացավ միլիցիոներների վրա, ու բաց թողեցին մեզ: Մի անգամ զորքի հետ Օչիմչիրի գնացի: Զինվորները զորավարժության էին մասնակցում, իսկ ես վրանում սպասում էի: Անտառից արջեր, վայրի խոզեր էին գալիս: 40 օր հետո ինձ ետ ուղարկեցին: 1946-ին ֆրանսահայ հայրենադարձները իրենց հետ ավտոմեքենաներ էին բերել: Ֆուտբոլիստ եղբայրներ էին: Նրանց աքսորեցին: Հայրը մահացել էր Սիբիրում: Հողը փորելու հնար չկար, ձյան հաստ շերտի տակ էին թաղել, որ ձնհալին փորեն հողը, թաղեն: Հաջորդ օրը տեսան, որ գայլերը գիշերը հանել էին դիակը, խժռել:

– Հիմա հե՞շտ է ապրելը:

– Հիմա թռչնանոցը չկա, խոզերի ֆերման չկա, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաները փակվել են… գործի տեղ է պետք մարդկանց: Երիտասարդները գործ չունեն: Լրիվ անտեսել են նուբարաշենցիներին մեր իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել