Կապան համայնքի ավագանին երեկ որոշեց քաղաքապետարանի դիմաց կանգնեցված ծնունդով կապանցի հայտնի մարզիկ, լողի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Համբարձումյանի կիսանդրին հանել եւ տեղադրել Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի մերձակա հրապարակում: Այդ նույն որոշման համաձայն՝ այսուհետեւ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցը կկրի Դավիթ Համբարձումյանի անունը: Բավական երկար ժամանակ քաղաքապետարանի դիմացի պատվանդանը դատարկ էր մնացել, միայն 2 տարի առաջ՝ 2007 թվականին պատվանդանին տեղ գտավ մարզիկի կիսանդրին: Իսկ նախկինում՝ խորհրդային տարիներին պատվանդանին Լենինի կիսանդրին էր:
Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ, Կապանում կտեղադրվի քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի կիսանդրին: Ամենայն հավանականությամբ, Դավիթ Համբարձումյանի կիսանդրիի փոխարեն կկանգնեցվի հենց Արամ Մանուկյանի կիսանդրին: