Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դումայում կայացել է հուշարձանային արվեստի հանձնաժողովի հերթական նիստը, որում քննարկվել է Մոսկվայում՝ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթող կառուցելու առաջարկը: Առաջարկի հեղինակը Ռուսաստանի հայերի միությունն է:
Հաշվի առնելով, որ առաջարկի հեղինակները պատրաստ են իրենց վրա վերցնել հուշարձանի կառուցման եւ տեղադրման ծախսերը, հանձնաժողովը նպատակահարմար է գտել առաջարկել Մոսկվայի քաղաքային դումային՝ այս առաջարկը ընդգրկել «Մոնումենտալ-դեկորատիվ արվեստի քաղաքային նշանակության գործերի տեղադրման ցանկում»:
Ըստ նախնական տարբերակի, Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է տեղադրվել այս պահին կառուցման փուլում գտնվող հայկական եկեղեցու բակում՝ Տրիֆոնովյան փողոցի եւ Օլիմպիական պողոտայի խաչմերուկում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում, այդ թվում եւ՝ մայրաքաղաք Մոսկվայում, այլատյացության հողի վրա պարբերաբար հայերի են սպանում եւ սպանությունները բացառելու հարցում Քաղաքային դումայի քայլերը տեսանելի չեն: