Համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի, 2009 թվականի ապրիլին սկսվել է Շիրակի մարզի Անիի, Աշոցքի եւ Ամասիայի մոտ երեք տասնյակ համայնքների գազիֆիկացումը, սակայն կա մտավախություն, որ նախնական ծրագրից շեղումներ կլինեն եւ աշխատանքները չեն ավարտվի մինչեւ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր:
Ըստ Շիրակի մարզպետարանի, Արթիկի տարածաշրջանի երեք գյուղերում աշխատանքները դեռ նոր են սկսվել, մնացած գրեթե բոլոր համայնքներում աշխատանքի 80 տոկոսը իրականացվել է: Ողջի գյուղի գազիֆիկացումը դանդաղ եւ ծրագրից հետ ընկած է իրականացվում, քանի որ համայնքի կողմից ներդրվող գազատար խողովակները ժամանակին չեն տրամադրվում, խողովակաշարի առանձին հատվածներ էլ պետք է անցնեն բնակիչների տնամերձերի միջով եւ սա լուրջ բարդություններ է առաջացնում:
Այսքանով հանդերձ, մարզպետ Լիդա Նանյանը գոհ է գազիֆիկացման աշխատանքների ընթացքից, բայց ամեն դեպքում թերացած համայնքապետերին հանձնարարել է ամեն ինչ անել՝ ժամկետների մեջ տեղավորվելու համար: Իսկ Շիրակում ձմեռը շուտ է գալիս: