Բրազիլահայ դերասանը կուզենար նկարահանվել հայկական ֆիլմերում
Ստեփան Ներսեսյանը քաղաքականության մեջ նույնքան հաջողակ է,
որքան կինոյում:
Այսօր Երեւանի Մոսկվայի տանը տեղի կունենա ռեժիսոր Լուիս Բոդանսկու «Պարասրահ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, ինչի առիթով Հայաստան է ժամանել ֆիլմի հերոսների մեկի դերակատար, Բրազիլիայում հայտնի դերասան Ստեփան Ներսեսյանը: Երեկ դերասանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանի ուղեկցությամբ հանդիպեց լրագրողներին:
55-ամյա Ստեփան Ներսեսյանը դերասանի կարիերան սկսել է 16 տարեկանում՝ Խավիեր դե Օլիվերայի «Մարսելո Զոնա Սուլ» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսին: «Պարասրահում», որը Բրազիլիայում «Բավ է կարոտախտը» անունով է հայտնի, գլխավոր հերոսներ չկան: Չկան նաեւ տեխնիկական էֆեկտներ: Ըստ Ստեփան Ներսեսյանի, ֆիլմը մարդկային զգացողությունների, մարդկային կյանքերի տարբեր դրվագների միավորում, ամփոփում է, դեպքերը զարգանում են մի պարասրահում՝ մեկ գիշերվա ընթացքում: «Պարասրահը» մասնակցել է մոտ 15 կինոփառատոների եւ շահել բազմաթիվ մրցանակներ՝ լավագույն երաժշտություն, լավագույն ռեժիսոր եւ այլն:
Ստեփան Ներսեսյանը առաջին անգամ է Հայաստանում եւ ասաց, որ հայրենի հողին ոտք դնելուց հետո է միայն իրեն ամբողջական զգացել՝ «Սա իմ նոր ծնունդն է: Ուրախ եմ հայ լինելու համար»: Դերասանը նաեւ քաղաքական գործիչ է, Բրազիլիայի սոցիալիստական ժողովրդավարական կուսակցության անդամ եւ Ռիո Դե Ժանեյրոյի ավագանու փոխնախագահ: Նրա նախաձեռնությամբ, ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախագիծ է ներկայացվել: «Հայի խնդիրը վրեժը չէ: Հայը պետք է ամեն ինչ անի, որ այլ ազգերը նման զրկանքներ չկրեն: Մենք վրեժ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ պատմությունը չմոռացվի եւ արդարություն լինի: Ոչ ոք իրավունք չունի ասել, որ ցեղասպանություն չի եղել: Իսկ մենք ուրախ ենք, որ այդ ամենից հետո Հայաստանն ու հայությունն ապրում է»,- հայտարարեց բրազիլացի հայը:
Ստեփան Ներսեսյանը փափագում է ֆիլմ նկարել եղեռնից մազապուրծ իր հոր, հողեղբոր ու իր կյանքի մասին եւ դեմ չի լինի նկարահանվել հայկական ֆիլմերում: