Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հերոսներ Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեությանն առնչվող կարեւորագույն վավերագրերի պատճենները այսուհետեւ կպահպանվեն Հայաստանի պատմության թանգարանում եւ Ազգային արխիվում: Երեկ պատմության թանգարանում տեղի ունեցավ վավերագրերի պատճենների հանձնման պաշտոնական արարողությունը: Տ. Ստայկովի խոսքով, հայ ժողովրդի պատմության ճակատագրական շրջադարձերի բերումով այդ վավերագրերը տեղ էին գտել եւ պահպանվում էին Բուլղարիայի ազգային եւ Վելիկո Տիրնովոյի ռազմապատմական արխիվներում:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց բուլղարական կողմին, որ շատ օպերատիվ արձագանքեցին իրենց խնդրանքին ու կազմակերպեցին պատճենների տրամադրումը. «Փաստաթղթերը վերաբերում են Ա. Օզանյանի եւ Գ. Նժդեհի գործունեությանը Բուլղարիայում, մանրամասնորեն նկարագրություններ կան հայ կամավորների՝ ռազմական գործողությունների մասնակցության մասին եւ դա իրոք հետաքրքիր էր»: Հայ դեսպանի համոզմամբ, այս գործընթացն առաջին քայլի ավարտն է միայն, քանի որ իրենց առաջիկա նպատակների ու ծրագրերի մեջ նախատեսվում է նաեւ պետական արխիվների միջոցով դիմել թե՛ ռազմապատմական արխիվ, թե՛ այլ հաստատություններ, որտեղ պահպանվել են փաստաթղթեր եւ ձեռք բերվել դրանց օրինակները: