ՀՐԴԵՀ՝ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում գտնվող «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ում:
Գործարանի բակում բռնկվել է 15 տոննա տարողությամբ սպիրտի բաքը եւ այրվել մեկ տոննա՝ 22 տոկոսանոց սպիրտաջուր:
ԴԻԱԿ՝ ԳԵՏՈՒՄ
Երեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում՝ Գետառ գետում, հայտնաբերվել է 17-19 տարեկան, անձը չպարզված, դանակահարված աղջկա դի: Ոստիկանությունը օրվա երկրորդ կեսին ձերբակալեց Անդրանիկ անունով 20-ամյա մի երիտասարդի, որն ասաց, որ ինքն է դանակահարել 16-ամյա Անուշ Ղարիբյանին ու գցել գետը:
ԶՈՀ՝ ՀՐԴԵՀԻՑ
Շիրակի մարզի Գյումրիի Ավտոկայանի բանավանի թիվ 104/14 տնակում բռնկված հրդեհի հետեւանքով, 78-ամյա տանտերը՝ Ժ. Պետրոսյանը, ստացել էր ծխային ծանր թունավորում եւ տեղափոխվել Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց: Նա հիվանդանոցում մահացել է:
ԴԻՄԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեկ դիմել է Սահմանադրական դատարան:
Ըստ կենտրոնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 հոդվածը, այնքանով, որքանով առանց բացառության սահմանում է, որ «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հայցադիմումների հիման վրա» եւ հնարավորություն չի տալիս ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223 հոդվածում թվարկված իրավախախտումներ կատարած պաշտոնատար անձանց, այդ թվում 189.7 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարած պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործ հարուցել տուժողի հայցադիմումի հիման վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին հակասող եւ այդ մասով անվավեր: