Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԱԹ» ԵՆ ՈՒԶՈՒՄ ՆԱՏՕ-ԻՑ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի «շրջանակները»

Հատուկ քննչական ծառայությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքի շինծու լինելու մասին արդեն ասվել է: Դիտարկենք երկրորդ մեղադրանքը, որը առնչություն չունի մարտիմեկյան իրադարձությունների հետ, այդ քրեական գործը հարուցվել է նախկինում:

Քննարկվող հանցագործության հասարակական վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն ոտնձգում է պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործողությանը՝ ի դեմս իշխանության ներկայացուցչի եւ նրա անձի:

«Իշխանության ներկայացուցիչները» իրավապահ եւ ստուգումներ իրականացնող մարմինների պաշտոնատար անձինք են, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձինք, որոնք սահմանված կարգով ծառայական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ օժտված են կարգադրիչ լիազորություններով:

Հիշյալ հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ֆիզիկական եւ հոգեկան բռնության գործադրմամբ: Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասում ասված է. «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը»:

Նկատենք, որ հոդվածի նկարագրականում հստակեցված չեն բռնության տեսակները, հետեւաբար արարքի որակումը բարդ է: Դատական եւ քննչական պրակտիկայում կյանքի համար վտանգավոր բռնություններ համարվում են առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելը: Տրամաբանական հարց է առաջանում. իսկ որո՞նք են կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունները:

Դիմելով օրենքի շեշտադրմանը, դր անք կարող են դիտվել դիտավորությամբ առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը (սակայն ոչ բոլոր դեպքերում), ծեծը, խոշտանգումը, այսինքն՝ ցանկացած գործողություն, որի միջոցով անձին դիտավորյալ պատճառվել է ուժեղ ցավ, մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե ծանր հետեւանքներ չեն առաջացել:

«Հոգեբանական բռնության» մասին նույնպես նորմում եւ անձի կյանքի կամ առողջության դեմ հանցագործությունների բաժնում սահմանում չկա, ըստ այդմ պետք է շեշտադրել Քրեական օրենսգրքի 137 հոդվածը (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը), որը օրենսդիրը անհասկանալի դասակարգել է անձի ազատությունների, պատվի եւ արժանապատվության դեմ հանցագործությունների գլխում:

«Հոգեբանական բռնության» շրջանակը լայն է, կարելի է հասկանալ ընդհուպ սպանության սպառնալիքը, ըստ այդմ էլ՝ 316 հոդվածի հանցակազմի դեպքում լրացուցիչ որակում չի պահանջվում: Բռնության սպառնալիքը կարող է լինել բանավոր, գրավոր, ժեստի ձեւով, զենքի կամ մարմնական վնաս պատճառելու հարմարեցված գործիքների ցուցադրմամբ, որոնց միջոցով հանցավորը արտահայտում է իր հանցավոր մտահղացումը:

Որպես կանոն, սպառնալիքի մտահղացման սկզբնական փուլի բացահայտումը քրեական պատասխանատվության հիմք չէ, անհրաժեշտ է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշներով ինքնուրույն հանցակազմի առկայությունը, ըստ որում՝ սպառնալիքը պետք է վերաբերի կոնկրետ անձի եւ տուժողի մոտ առաջացնի տագնապային իրավիճակ՝ կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու վախ:

Քրեական պատասխանատվություն կարող է առաջացնել միայն այն սպառնալիքը, եթե իրականացման համար երկյուղելու ռեալ հիմքեր կան: Նաեւ այդ նորմով քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցչի գործողությունները օրինական են:

Քրեական գործի տվյալների հրապարակումը անթույլատրելի է եւ մեզ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության ներկայացուցչին ծեծե՞լ է, խոշանգե՞լ, թե՞ հոգեբանական բռնություն գործադրել, որից տագնապահարվել եւ երկյուղել են իշխանավորները՝ դիմելով զոհողությունների, մինչդեռ գիտենք, որ միջադեպը պայմանավորված է հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելուն եւ մասնակցելուն խոչընդոտելու հետ: Նկատենք, որ հիշյալ միջոցառումներ անցկացնելը եւ դրանց մասնակցելը Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներ են, իսկ խոչընդոտելը՝ հասարակական վտանգավոր արարք (Քրեական օրենսգրքի 163 հոդված): Կարծում եմ, այս դեպքում Ն. Փաշինյանը խնդիրներ չունի, մինչդեռ, ըստ հայկական իրականության, խոչընդոտողը՝ հանցավորը, մշտապես ճանաչվում է տուժող, իսկ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներից օգտվող անձը՝ մեղադրյալ: Փաստը եզակի չէ (Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ բազմաթիվ դատապարտյալներ, հանրահավաքը իրազեկող Տիգրան Առաքելյան, լրագրողներ եւ այլն):

Այս առումով էլ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի եւ առաջադրված մեղադրանքը ակնհայտ կասկածելի եւ սարքված է:

Իրոք, հանդուգն ընդդիմադիրը ուժեղ ցավ, հոգեկան տառապանք եւ երկյուղ է պատճառել իշխանությանը եւ օլիգարխներին, սակայն ոչ թե հանցավոր գործողությամբ կամ անգործությամբ, այլ քաղաքական բնույթի ելույթներով եւ լրատվամիջոցով: Ըստ այդմ էլ, նրա մեղադրանքի դրդապատճառը եւ հիմքը հենց քաղաքական հայացքների հետապնդումն ու վրեժխնդրությունն է: Հանրությունը պետք է իմանա, որ եթե Նիկոլը 316 հոդվածով դատապարտվի 3 տարուց ավելի ազատազրկման, համաներումը չի կիրառվելու եւ նրան սպառնում է բանտային անազատությունը (այդ հոդվածը ծուղակ է):

Իրավամբ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու փաստերը կոծկվում են, որը վտանգավոր երեւույթ է, ըստ այդմ, պաշտպանական կողմը պարտավոր է մեկ կամ երկու ոստիկանի ցուցմունքին հակադրել ողջ ցուցարարների ցուցմունքները՝ վեր հանելով իշխանության ներկայացուցիչների անօրինական գործողությունները:

ՀՔԾ-ն նշանակել է նաեւ դատահոգեբանալինգվիստական փորձաքննություն եւ անհեթեթ եզրակացությունը օգտագործելու է մեղադրող ապացույց (ի դեպ, որոշմամբ առաջադրված հարցերի զգալի խումբը դուրս է փորձագետի իրավասությունից): Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ համանման փորձաքննություն չի նշանակվում Խաչատուր Սուքիասյանի եւ մյուսների մասով: Խնդիրն այն է, որ նրանք ցուցարարներին հորդորել են ձեռնպահ մնալ պրովոկացիայից, իսկ այդ ապացույցը հերքում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը:

Գործի արդարացի քննությունը՝ մեղադրյալին արդարացնող ապացույցների եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների պարզաբանումը քրեական հետապնդում իրականացնող մարմինների պարտականությունն է, սակայն օրենքի եւ օրինականության բացակայության պատճառով սկզբունքը չի գործում, իսկ մարդիկ բախվում են պատնեշի:

Այս առումով պարտավոր ենք հիշատակել նաեւ Սարգիս Հացպանյանին: Ենթադրյալ կարծիք հայտնելու համար նրան ապօրինի դատապարտել են ակնհայտ սուտ մատնության համար: Հայրենիքի սահմանների, մարտական գործողությունների մասնակից է, փաստերը անժխտելի են, մինչդեռ վրիժառության շարժառիթով համաներում չեն կիրառում, «բարաթ» են ուզում ՆԱՏՕ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել