Շատ հղի կանայք նախօրեին որոշել են ծննդաբերել ոչ թե բնական ճանապարհով, այլ՝ կեսարյան հատմամբ: Պատճառն այն է, որ այդ օրը ծնվածները կունենան իններով ծննդյան ամսաթիվ, այսինքն՝ 9.09.2009: Շատ ծնողներ հոգ են տարել, որ իրենց երեխան անպայման այդ «գոլդ» ամսաթվով ծնվի, որոշներն էլ՝ սնահավատությունից դրդված են կեսարյան հատման դիմել, համոզված լինելով, որ այդ օրը ծնվելով՝ իրենց երեխան շատ երջանիկ է լինելու: Բացի այդ, լուրեր էին շրջանառվում, որ այդ օրվա ծնվածներին նվեր են տալու: Սակայն երեկ առողջապահության նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ նվերի մասին առաջին անգամ են լսում: Չնայած շատ ծննդատներում կոնկրետ ամսի 9-ին երեխա ունենալու համար եռուզեռ է եղել, բայց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության տվյալներով, այդ օրը ծնվածների թիվը չի ավելացել. ինչպես ամսի 8-ին, այնպես էլ 9-ին մայրաքաղաքի ծննդատներում ծնվել է 71 երեխա: