Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՓՈԽԵՔ՝ ՋՈՒՐ ԿԼԻՆԻ

Սեպտեմբեր 11,2009 00:00

«Արդեն 10 օր է՝ ջուր չունենք: Մեկ շաբաթ առաջ եկան՝ իբրեւ թե սարքեցին, սակայն ընդամենը մեկ օր ջուր ունեցանք: Երբ բողոքում ենք՝ «Երեւան ջրից» ասում են, որ պետք է մենք մեր գումարներով ջրի խողովակները փոխենք, քանի որ մեր տարածքն իրենց հաշվեկշռում չէ: Այդ ո՞նց եղավ, որ իրենց հաշվեկշռում չէ, չենք հասկանում: Ինչո՞ւ պետք է մենք ամբողջ խողովակները փոխենք, թող իրենք փողոցինը փոխեն, մնացածը մենք կանենք: Առանց ջուր ինչքա՞ն կարող ենք ապրել»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» էին դիմել Արմեն Տիգրանյան փողոցի 6-րդ նրբանցքի բնակիչները: Նրանց խոսքերով, այդ տարածքը մեծ չէ եւ խողովակ փոխելու գումարներն էլ «Երեւան ջրի» համար խնդիր չեն. «Ճիշտ է, եկել են ու ցանկացել են մեզ օգտակար լինել, «սվարկա» պիտի անեին, սակայն չէր ստացվում: Ասում են, որ խողովակները ժանգոտել են եւ այլեւս պիտանի չեն, ժամանակն է փոխելու: Դե թող բերեն-փոխեն»:

Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերության մամուլի բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ, իսկապես, այդ տարածքն իրենց հաշվեկշռում չէ եւ խողովակները պետք է նրբանցքի բնակիչները փոխեն իրենց միջոցներով. «Փողոցների ջրատարները մեր հաշվեկշռում են, իսկ նրբանցքներինը՝ ոչ: Այդ փողոցի բնակիչները ժամանակին իրենք են ջրատարից խողովակները հասցրել իրենց բնակարաններ, հիմա դրանք արդեն ժանգոտել են եւ անգամ եռակցում անել հնարավոր չէ, ուստի պետք է փոխվեն: Այդ բնակիչները կտրականապես հրաժարվում են խողովակներն իրենց ուժերով փոխել, մենք մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնել տեխնիկա տրամադրել, սակայն իրենք ասում են, որ ամբողջ աշխատանքը պետք է «Երեւան ջուրն» անի»: Ընկերությունից հայտնեցին նաեւ, որ ջրամատակարարումը դադարեցրել են, քանի որ այդ նրբանցքի բնակիչներից մեկն էլ իրենց դժգոհել է, որ մատակարարվող ջրի մեծ մասն իր տուն է լցվում. «Հենց այդ պատճառով էլ պետք է խողովակները հնարավորինս շուտ փոխվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել