Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստրեչի» կամուրջն այս տարի փակ կմնա

Սեպտեմբեր 11,2009 00:00

Կամուրջի վերանորոգման աշխատանքներում ի հայտ են եկել նոր խնդիրներ

1965թ. շահագործման հանձնված Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի ուղետարը՝ հայտնի «Վստրեչի» կամուրջը, որը հսկայական նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային փոխադրումների համար, մասնագետների գնահատմամբ՝ արդեն մի քանի տարի գտնվում էր վթարայինին մոտ վիճակում: Հաշվի առնելով շահագործումից ի վեր վերանորոգման կամ ամրացման աշխատանքների չենթարկված կամուրջի կրող կոնստրուկտիվ էլեմենտների անմխիթար վիճակը՝ 2007 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Երեւանի քաղաքապետարանի պատվերով կատարվել են ուղետարի հետազոտման եւ փորձարկման աշխատանքներ, որոնց արդյունքում որոշվել է կազմել ուղետարի վերականգնման եւ ամրացման աշխատանքների նախագիծ: 2007-ին «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից կազմվել են կամրջի նորոգման նախագծա- նախահաշվային փաստաթղթերը, իսկ 2009 թվականի փետրվար ամսին անց է կացվել նշված աշխատանքների կատարման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել «Գրիար» ՓԲԸ-ն:

Այս ամենի հիման վրա տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մինչեւ աշուն հիմնանորոգվելու է Գարեգին Նժդեհի փողոցի կամուրջը, ինչի համար հատկացվելու է 1 մլրդ 800 մլն դրամ: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «Գրիար» շինարարական կազմակերպությունը աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտելու համար պետք է աշխատեր երկհերթ գրաֆիկով: Սակայն փետրվարի 25-ից վերակառուցման նպատակով փակված Գարեգին Նժդեհի փողոցի ուղետար կամուրջի հիմնանորոգման աշխատանքները կարճ ժամանակ անց՝ ապրիլի 16-ից, դադարեցվեցին: Կամուրջը շահագործման հանձնելու նախապես հայտարարված ժամկետին՝ առաջիկա հոկտեմբերին, մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն ուղետարի վրա հիմնանորոգման որեւէ աշխատանք չի կատարվում:

Պարզելու համար կամուրջի վերանորոգման դադարեցման պատճառը՝ «Առավոտը» դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչություն, որտեղից տեղեկացրին, որ «ԵԿՊ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել է ուղետարի վիզուալ զննում, որի արդյունքում պարզվել է, որ ուղետարի առկա վիճակը չի համապատասխանում 2007 թվականին կատարված հետազոտման արդյունքներին: Վիճակը պարզելու նպատակով պատվիրվել է ուղետարի նոր հետազննում, որի արդյունքում պարզվել է, որ ուղետարի կրող ե/բ կոնստրուկցիաները՝ հենարանները, պարզունակները, անհրաժեշտ է հիմնովին նորոգել, իսկ հեծանները անհրաժեշտ է փոխարինել նորերով, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել ուղետարի հիմնովին վերակառուցման աշխատանքներ: Ներկայումս կազմվում են նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր»:

Փաստորեն, քանդման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ իրականում կամուրջը սպասվածից է՛լ ավելի անմխիթար վիճակում է, ուստի վերանորոգման համար անհրաժեշտ են ոչ միայն լրացուցիչ ուսումնասիրություններ, այլեւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Նշենք, որ նախատեսված 1 մլրդ 800 միլիոնից 500 միլիոն դրամն արդեն իսկ ծախսված է: Ինչպես տեղեկացրեց «Գրիար» ՓԲԸ «Շինարար» մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Թադեւոսյանը, իրենց ընկերությունն արդեն իսկ իրականացրել է շուրջ կես միլիարդ դրամի քանդման, շինանյութերի ձեռքբերման եւ շինմոնտաժային աշխատանքներ, որոնց համար առայժմ ստացել է 360 մլն դրամ կանխավճար: Պարոն Թադեւոսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ընկերությանը կփոխանցվի նաեւ մնացած գումարը: Իսկ թե ով կիրականացնի կամուրջի հիմնանորոգման ամբողջական աշխատանքները, պարզ կդառնա առաջիկայում հայտարարվելիք նոր մրցույթի արդյունքում:

Թե ե՞րբ կավարտվի նոր նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու ե՞րբ կվերսկսվի կամուրջի հիմնանորոգումը, առայժմ պարզ չէ: Սակայն հաշվի առնելով ներկայիս ֆինանսական ճգնաժամը՝ երեւանցիները առաջիկա 1 տարում դժվար թե հնարավորություն ունենան երթեւեկել «Վստրեչի» կամուրջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել