Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՏԱՐԻ Է՝ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծված տների հարցը ոչ մի կերպ չի լուծվում

Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում արցախյան պատերազմի ժամանակ ռմբակոծությունների հետեւանքով վնասված տասնյակ տներ կան: Եվ չնայած նրան, որ 2001 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մեր երկրի բոլոր սահմանամերձ բնակավայրերի վնասված բնակարաններին պետական աջակցություն ցուցաբերել, սակայն մինչ օրս խնդիրն ըստ էության լուծված չէ: Այն համայնքներում էլ, որտեղ հրետակոծությունից տուժած տները քիչ թե շատ վերականգնվել են, ապա, հիմնականում՝ միջազգային կազմակերպությունների միջոցներով: 8 տարիների ընթացքում կառավարության պատասխանատուները հասցրել են միայն վնասված տների գույքագրում կատարել, հաշվառել եւ մեկ էլ որոշ սահմանամերձ բնակավայրերում, այդ թվում եւ Վազաշենում, 4-րդ եւ դրանից բարձր վթարայնություն ունեցող, այսինքն՝ ամբողջովին փլուզված բնակարանները ոտքի կանգնեցնել:

Այս օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքաշինության նախարարությունը ռմբակոծությունից տուժած գյուղերում կրկին գույքագրում է անցկացնում՝ պարզելու, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է անհրաժեշտ մասնակի վնասված տները վերանորոգելու համար: Եվ մինչ կառավարությունը հաշվում է, գումարում, հանում, այդ 8 տարիների ընթացքում մասամբ վնասված տների վթարայնությունը անձրեւների, ուժեղ քամիների ու այլ բնական աղետների հետեւանքով է՛լ ավելի է մեծացել: Թերեւս այդ է պատճառներից մեկը, որ այսօր հանրապետության սահմանամերձ գյուղերի մեծ մասը դատարկվել է: Այդ գյուղերում բնակիչներին կարելի է մատների վրա հաշվել: Մարդիկ հնարավորություն չունենալով բնակարանները սեփական միջոցներով նորոգելու, հարազատ գյուղից հեռանում են: Ռմբակոծություններից, կարելի է ասել, հանրապետությունում ամենաշատը տուժել է Տավուշի մարզը:

«Առավոտի» հետ զրույցում Վազաշենի բնակիչներից ոմանք, որոնց տները ռմբակոծվել են, վստահեցրին, որ՝ «Ստեղից-ընդեղից պարտք ենք արել, տանիքը փոքր-ինչ վերանորոգել ենք, որ գոնե ձնից ու անձրեւներից պաշտպանվենք»: Ոմանք էլ պատմեցին, որ ստիպված են լինում ձմռան ամիսները մայրաքաղաքում՝ զավակների տանն անցկացնել:

Նշենք, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի տուժած տների վերականգնման հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում էլ էր ընդգրկված:

«Առավոտի» հարցին, թե վերջնականապես ե՞րբ կլուծվի մարզի ռմբակոծված տների փոխհատուցման հարցը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պատասխանեց. «Մենք բավականին ծրագրեր ունենք արված, դեռեւս 2000 թվականի սկզբից կառավարության հատկացումներով լուծեցինք 4-րդ եւ դրանից բարձր վթարայնություն ունեցող, քանդված եւ քանդման ենթակա տների հարցը: Այժմ գույքագրում է արվում, քանի որ այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որից հետո պարզ կլինի, թե պետբյուջեից որքան գումար կհատկացնեն մասնակի վնասված տներին աջակցություն տրամադրելու համար»:

Մենք պարոն Ղուլարյանից հետաքրքրվեցինք, թե գլխներին տանիք չունենալու պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից որքա՞ն մարդ է արտագաղթել: Ըստ մարզպետի՝ ոչ մի. «Ռմբակոծված տան ոչ մի բնակիչ գյուղը չի լքել, բոլորը տեղում են: Մարզի կտրվածքով քանդված եւ քանդման ենթակա մոտ 300 տուն ենք ունեցել, որոնք վերականգնվել են, իսկ մասնակի քանդվածների քանակն ավելի մեծ է: Դրանք էլ շուտով կվերանորոգենք: Տավուշեցին իր տունը չի լքում, գնում-աշխատում է՝ հետ է գալիս, քանի որ այստեղ սրբություն կա, մեծ կա, գերեզման կա, ավանդույթ կա: Ոչ մի սահմանամերձ գյուղի բնակիչ իր սահմանը չի թողնի, ընդհակառակը՝ այս տարիների ընթացքում հարյուրավոր ընտանիքներ են վերադարձել»:

Երեկ «Առավոտը» Ազգային վիճակագրական ծառայությունից փորձեց ճշտել, թե 2000 թվականից սկսած՝ կոնկրետ Տավուշի մարզից որքա՞ն մարդ է արտագաղթել:

Հղում անելով մարզի ոստիկանության անձնագրային բաժնի տվյալներին, ծառայությունից հայտնեցին, որ 2000-ին հաշվառումից դուրս է եկել եւ Տավուշից մեկնել է 903 մարդ, 326-ն էլ վերադարձել: 2001-ին մարզից մեկնել է 846 տավուշեցի, վերադարձել է 403-ը: 2002 թվականին հայրենի օջախ է վերադարձել 615 տավուշեցի, փոխարենը մարզից մեկնել է 872 մարդ: 2003 թվականին հաշվառումից դուրս է եկել եւ Տավուշից մեկնել է 949 մարդ, վերադարձել է 612-ը: 2004-ին մեկնել է 814 տավուշեցի, վերադարձել է 544-ը: 2005-ին 601 մարդ է վերադարձել Տավուշ, սակայն մեկնել է 908-ը: 2006-ին էլ 965 մարդ է հաշվառումից դուրս եկել ու մեկնել, իսկ 518-ը վերադարձել է: 2007-ի տվյալներով, Տավուշից հեռացել է 932 մարդ, վերադարձել՝ 580-ը: Իսկ թե մեկնած տավուշեցիներից որքա՞ն մարդ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչ, վիճծառայությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել