Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայություն

Սեպտեմբեր 11,2009 00:00

Եվ իմ Նահապետն ասաց. Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա մի այլ տարբերակ,- շարունակեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու կյանքում ես, պիտի ապրես այնպես, որ Աստված կամ Աստծո հրեշտակը չամաչի, որ ծնունդ տվեց քեզ: Մտիր քարանձավ, ուր քո նախնիներն են ապրել, ուր ցուրտ է, բայց հաստատուն ցուրտ: Անշուշտ, նախնիներդ իմացել, բայց ամեն անգամ զարմացել են, թե ինչո՞ւ է հաչում իրենց շունը, ո՞ւմ վրա է հաչում եւ ի՞նչ առիթով: Այսօր էլ ենք զարմանում, թե ինչո՞ւ է հաչում շունը, եթե պահում ենք, ումի՞ց է մեզ պաշտպանում, թե՞ պաշտպանվում է մեզանից՝ մեր տեսակից, գուցե իր տեսակից……

Դուրս նայեք քարանձավից,- շարունակեց Նահապետը,- եւ երբ տեսնեք ձեր տեսիլքների հովանավորին, մի՛ զարմացեք. նա էլ ձեզանից մեկն է, բայց նա հովանավորն է ձեր տեսիլքների: Կնայեք, եւ երբ տեսնեք, որ աշնանամուտ է, անմիջապես էլ կհասկանաք, որ պնդացել է ծառի կեղեւը, իսկ տերեւները կորցրել են իրենց հիշողությունը, արդեն մոռացել են, որ տերեւ են ու զավակներն են ծառի, եւ այդ պահին էլ կհասկանաք, որ մի տարի էլ ապրեցիք: Իսկ երբ անձրեւ գա, նորից դուրս նայեք ձեր քարանձավից, եւ կհասկանաք, որ դեռ կաք, ապրում եք, կհասկանաք նաեւ, թե ինչու է հաչում ձեր շունը, ինչպես որ Դոն Քիշոտին հանդիպած շունն էր հաչում, ինչը նրան հուշեց, որ ճիշտ ճանապարհով է գնում:

Կյանքն ու մահը մի մարմին են, նույն ներկայությունը,- շարունակեց Նահապետը,- պարզապես երկու երես ունեն, ինչպես դրամը պարզունակ, որի մի երեսը, եթե հաջողվում է՝ ճիշտ երեսը, ծախսում ես քո կյանքում, մյուսը՝ թողնում ժառանգներիդ եւ քեզանից հետո եկողներին: Չնայած հայտնի էլ չէ, թե ո՞րն է ճիշտ երեսը: Եվ կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, քանի որ դրանք մեր թիկունքում են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ դրանք չկան:

Մի՛ նեղվեք, եթե շները հաչում են ձեզ վրա, երբ դուք դուրս եք գալիս ձեր քարանձավներից, այլ վախեցե՛ք, եթե ձեզ շրջապատող կատուները, որոնք շարունակ քսմսվում են ձեզ, մի օր կարող են հաչել ձեզ վրա շնաձայն: Այնինչ, կյանք-մահ տարաշխարհիկ ներկայության մեջ շան հաչոցը մեզ միշտ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, քանի որ որտեղ որ շուն կա, այնտեղ էլ՝ կյանք ու քարանձավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել