Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմմոբիլյարեն» մեղադրում է «Օրանժ Արմենիային»

Սեպտեմբեր 11,2009 00:00

«Առավոտը» սեպտեմբերի 3-ի համարում անդրադարձել էր «Իմմոբիլյարե» անշարժ գույքի գործակալության եւ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր՝ «Օրանժ Արմենիա» ընկերության միջեւ ծագած խնդրին: Հիշեցնենք, «Իմմոբիլյարե» ընկերությունը հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ատյանի դատարան՝ իրեն պատճառված վնասի դիմաց քաղաքացի Վարդան Վարդանյանից եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունից հատուցում ստանալու պահանջով:

«Իմմոբիլյարե» ընկերության տնօրեն Քրիստինե Հարությունյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլի 14 -ին «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի՝ պարտավորվել է վերջինիս համար գտնել ընկերության պահանջներին համապատասխան անշարժ գույք՝ սպասարկման կենտրոններ բացելու նպատակով: Ք. Հարությունյանի ներկայացմամբ, հարմար տարածք գտնելուց հետո, ինքը հրավիրել է «Օրանժ Արմենիա» ընկերության աշխատակցին եւ տարածքի սեփականատիրոջ՝ Վարդան Վարդանյանի վստահված անձին՝ ոմն Սուրենի, վարձակալության պայմանների շուրջ բանակցելու համար, սակայն ընկերության աշխատակիցն ու Սուրենը, միմյանց հետ ծանոթանալուց հետո, որոշում են առանց 3-րդ մարդու միջնորդության կնքել վարձակալության պայմանագիր: Ք. Հարությունյանի խոսքերով. «Ըստ պայմանագրի, իմ ընկերության կողմից մատուցած ծառայությունների դիմաց «Օրանժ Արմենիան» ինձ չէր վճարելու, վճարումը պետք է կատարեր վարձակալվող տարածքի տերը՝ նախապես պայմանավորված գումարի 1 ամսվա վճարի չափով»: Ընկերության իրավասու աշխատակիցներին՝ Արսեն Հովհաննիսյանին եւ Արմեն Թորգոմյանին, նաեւ ոմն Անդրեյի եւ Կարենի առաջարկվել է 6 տարածք, որոնց տերերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ կնքվել է համապատասխան պայմանագիր: Սակայն սկզբում Վ. Վարդանյանի վստահված անձ հանդիսացող Սուրենը, իսկ հետո նաեւ մյուս տարածքների տերերը հրաժարվել են Քրիստինեի հետ համագործակցելուց՝ այդ կերպ նաեւ խուսափելով 1 ամսվա վճարը «Իմմոբիլյարե» ընկերությանը փոխանցելուց:

Ք. Հարությունյանի խոսքերով. «Օրանժի» աշխատակիցները տարածքի տերերի մոտ ինձ ներկայացրել են որպես ինքնակոչ եւ առանց ինձ տեղեկացնելու, ինչն իրենք պարտավոր էին անել, գործարքի մեջ են մտել: Արդյունքում իմ ընկերությանը հասցված նյութական վնասը կազմել է մոտ $25-27 հազար: Ես նրանց մոտ 68 տարածք եմ առաջարկել, ինչի համար բավականին ծավալուն աշխատանք եմ տարել»:

Խնդրի առնչությամբ «Առավոտը» լսեց նաեւ «Օրանժ Արմենիայի» պարզաբանումը: Ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացմամբ. «Օրանժ Արմենիայի» եւ «Իմմոբիլյարեի» միջեւ երբեւէ չի ստորագրվել անշարժ գույք գտնելու վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր, հետեւաբար մենք չունենք որեւէ իրավական պարտավորություն «Իմմոբիլյարե» ընկերության նկատմամբ: Մեր ընկերությունների միջեւ կնքվել է առեւտրային գաղտնիքի պահպանման մասին պայմանագիր:

Մենք չենք վերահսկում «Իմմոբիլյարե» ընկերության եւ տարածքների սեփականատերերի հարաբերությունները: Մեր ընկերության աշխատակիցները գործում են ըստ իրենց աշխատանքային պարտականությունների եւ իրավասությունների, եւ սեփականատերերին խորհուրդ տալը նրանց աշխատանքի շրջանակում չէ:

Ցավում ենք, որ «Իմմոբիլյարե» ընկերության եւ սեփականատերերի գործարար հարաբերությունները հիմնված չեն եղել իրավական փաստաթղթերի վրա, ինչը թույլ կտար խուսափել թյուրիմացություններից, սակայն մեր ընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կարող կրել: Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր շահերն ու բարի համբավը: Մեր ընկերությունն ազնիվ ու թափանցիկ է իր բոլոր գործողություններում՝ ինչպես բաժանորդների, այնպես էլ մեր գործընկերների եւ մրցակիցների հետ: Այս գործելակերպը թույլ է տալիս չունենալ որեւէ անհանգստություն դրանց հետեւանքների համար: Ցավում ենք, որ դատական գործընթացը նախորդում է մեր առեւտրային առաջարկին ու ապագա բաժանորդների հետ մեր հարաբերություններին, սակայն հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը կցրի բոլոր կասկածները եւ կվերականգնի արդարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել