Ըստ սպառողների իրավունքների պաշտպանների՝ մինչ վաճառվող սննդամթերքի որակը վերահսկողները սկսեն աշխատել, սպառողներն արդեն մեռած կլինեն:
Լուսանկարներից մեկում պատկերված թխվածքաբլիթն արտադրում է արդեն 10 տարի հայկական շուկայում գործող «Ոսկե հասկ» ընկերությունը: Թխվածքաբլիթը պատրաստված է հայկական շուկային հատուկ մսամթերքով՝ միջատով: Երբ արտադրող ընկերության ներկայացուցչին տեղեկացրինք այդ մասին, որ իրենց արտադրանքի մեջ միջատներ են՝ չամիչի փոխարեն, վերջինս պարզաբանեց. «Իհարկե տհաճ բան է, բայց այսօր նույնիսկ ամենամաքուր սննդամթերքի՝ հացի մեջից կարող ես ինչ ասես գտնել, ուրեմն պեչենիի մեջ էլ հնարավոր են այդպիսի բաներ լինել: Դրանք ֆորմայով չեն պատրաստվում, մարդիկ են ներարկիչով լցնում ու զարմանալի է, որ նման բան է պատահել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա առաջին ու եզակի դեպքն է՝ մեր արտադրանքի հետ կապված, իսկ հիգիենայի հարցում երբեւէ սանէպիդկայանի հետ խնդիրներ չենք ունեցել: Ես ինքս մի անգամ հացի մեջից ալյուրի պարկի թել եմ գտել, այնպես որ, ցանկացած ուտելիքի մեջ էլ հնարավոր է մի կողմնակի բան գտնես»:
Ընդհանրապես մեր սպառողական շուկան որակական առումով բավականին անմխիթար վիճակում է, գնորդը ամռան շոգին նույնիսկ արագ փչացող ապրանքներ, օրինակ՝ կաթնամթերք գնելիս չի կարող վստահ լինել, թե երբ է այն արտադրվել ու երբ կարող է այն ուտել, որ առողջության հետ կապված խնդիրներ չունենա: Անգամ ամենահայտնի սուպերմարկետներում վաճառում է ժամկետանց սննդամթերք: Լավագույն դեպքում արտադրողները տուփի վրա կպչող թղթով ինչ-որ ամսաթիվ են նշում, որը ժամկետը լրանալուց հետո շատ հեշտ է պոկելն ու թարմացնելը: Այդ է պատճառը, որ թղթով ժամկետի մեջ համարվող կաթնաշոռի վրա հին փառ է լինում, շոկոլադե սալիկները հնությունից սպիտակած են լինում եւ սառը պատրաստի սուրճերը նամշած են լինում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նկատեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, «այդ կպչող թղթի վրա նշված թվերից սպառողները չեն կողմնորոշվում՝ դա արտադրմա՞ն, թե՞ պիտանելիության ժամկետն է, գուցե դա արտադրողի տան հեռախոսահամարն է կամ նրա կոշիկի չափսը»:
Սպառողների ասոցիացիայի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխալ մակնշումներ են անում հատկապես ձու եւ պաղպաղակ արտադրողները. «Հաշվի առնելով, որ պաղպաղակից ավելի շատ երեխաներն են օգտվում, անթույլատրելի է նման արտադրանքի վաճառքը մեր շուկայում: Ձվերի վրա էլ չեն նշում, թե երբ են ածել այն, որ սպառողը ժամկետանցը չգնի»:
Նախկինում խանութներում սննդամթերքի որակի վերահսկողը առեւտրի զարգացման նախարարության որակի տեսչությունն էր: Հիմա այդ գործառույթը կատարում է գյուղատնտեսության նախարարությունը: Մեր հարցին՝ վերահսկողության հետ կապված փոփոխություն չի՞ նկատվում շուկայում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ոչ: Ես ի սկզբանե դեմ էի, որ դրանով գյուղնախարարությունը զբաղվեր, որովհետեւ նման քայլ անելու պաշտոնական բացատրությունն ինձ համար առնվազն անհասկանալի էր: Ասում են՝ թթվասերը ստանում ենք կաթից, կաթը ստանում ենք՝ կովից, կովը ուտում է խոտ, ուրեմն թող գյուղնախարարությունը խոտից ու կովերից սկսած մինչեւ թթվասեր դառնալը ինքը վերահսկի, դա աբսուրդ է: Ես կարծում եմ, մինչեւ այս նախարարությունը ուշքի գա, մտնի գործի մեջ, սկսի աշխատել, մենք խանութից գնած անորակ ապրանքներից արդեն կմեռնենք»:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը գյուղնախարարության աշխատանքից դժգոհ չէ: Ըստ նրա, ինչ կառավարությունը մայիսի վերջին արգելեց առանց վարչապետի թույլտվության մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ստուգել՝ վիճակը կրկին վատացել է:
Մյուս լուսանկարում պատկերված «Էլիտար» ընկերության արտադրած շոգեխաշած տավարի մսի վրա արտադրման հասցե գոյություն չունի, միայն նշված է մի բջջային հեռախոսահամար՝ 093970480: Զանգելով պարզվում է՝ նման համար գոյություն չունի: Ըստ Արմեն Պողոսյանի, նման ապրանքներ շուկայում շատ կան. «Դա, ամենայն հավանականությամբ, խոսում է այն մասին, որ այդ ընկերությունը գործում է ընդհատակյա, որովհետեւ նորմալ արտադրողը, ըստ օրենքի, պետք է թողած լինի իր բոլոր կոորդինատները՝ համարներ, ֆաքսի համար, հասցե»: