Երեկ հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Արթուր Միսակյանը երեկ որոշել էին հանրությանը տեղեկացնել, թե ինչ կարծիքի է կուսակցությունը հայ-թուրքական հայտնի արձանագրությունների մասին: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա գնալ-չգնալու մասին, ասել էր. «Դեռ ժամանակ կա, հիսուն օրը տեւական ժամանակ է նման կարեւոր որոշում կայացնելու համար: Քաղաքականության մեջ իրադարձությունները զարգանում են շատ արագ, եւ մենք պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը: Հիսուն օրվա ընթացքում հիսուն գետեր կարող են հոսել, պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը, եւ Սերժ Սարգսյանի, որպես երկրի նախագահի, լավագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա երբեք իր որոշումների մեջ չի շտապում»: Հիշեցնենք նաեւ, որ այդ պահին դեռ հրապարակային չէին հայտնի արձանագրությունները, եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն այդքան կոնկրետ չէր դրված:
Երեկ Արթուր Բաղդասարյանի կուսակիցներն առավել կոնկրետ խոսեցին հարաբերությունների ներկա վիճակի, սահմանի բացման հավանականության եւ հայտնի արձանագրությունների մասին: Ըստ տիկին Բիշարյանի՝ «ամեն օր կարիքը կա այդ մասին խոսելու: Առաջին հերթին շատ կարեւորում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կոալիցիոն քաղաքական ուժերը միանման են մտածում, եւ իրենց որոշումներն ու տեսակետները համընկնում են. սա այսօր շատ կարեւոր է: Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող արձանագրությունները միտված են աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հարաբերությունների զարգացմանը: Սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր հայաստանցու համար կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Այս առումով ասեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես աջակցում եւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին, մենք ողջունում ենք այն գործընթացը, ինչ տեղի է ունենում, եւ մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել»:
Տիկին Բիշարյանի կարծիքով՝ արձանագրությունների մասին հնչեցին տարբեր կարծիքներ, սակայն գնալով քննադատությունների շղթան փոքրանում է, եւ մարդիկ հասկանում են, որ այդ փաստաթղթերը կարեւոր են: Հարցին՝ այդ արձանագրություններում չկա՞ն «Օրինաց երկրին» մտահոգող կետեր, այնպիսիք, ինչի մասին խոսում է Դաշնակցությունը, Հեղինե Բիշարյանը ժխտական պատասխան տվեց. «Դաշնակցությունը ավանդական կուսակցություն է եւ, բնականաբար, իր ավանդական մոտեցումներն ունի: Իսկ մեր կարծիքով՝ արձանագրությունները պարզապես միտված են հարաբերությունների կարգավորմանը: Մեզ համար հենց այսօր շատ կարեւոր է, որ մենք հնարավորություն ունենանք կարգավորելու նախ այդ հարաբերությունները, հետո կարող ենք դետալների մեջ մտնել: Այս պահին ես չունեմ որեւէ կետ, որի մասին ասեմ՝ որ այ, սրան մեր կուսակցությունը դեմ է»: