Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչ Արշալույս Հակոբյանը Հարավային Կովկասում միակ իրավապաշտպանն է, որ հայտնվել է ճաղերի ետեւում:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության անդամ, այս տարվա հունիսի 5-ին կալանավորված եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արշալույս Հակոբյանը միակ իրավապաշտպանն է, որի անունն ընդգրկված է Հայաստանի քաղբանտարկյալների երկար ցուցակում: Նրա գործով նախաքննությունն արդեն ավարտվել եւ փոխանցվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Ընդ որում, իրավապաշտպանի դեմ առաջադրված մեղադրանքը, ինչպես շատ քաղբանտարկյալների դեպքում, կառուցված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Ա. Հակոբյանի պաշտպան Գայանե Խաչատրյանի ասելով, նախաքննության մարմինը պնդում է, թե իրավապաշտպանը ոչ միայն հայհոյել, այլեւ բռնություն է գործադրել միանգամից երկու ոստիկանի նկատմամբ: Ա. Հակոբյանի գործով դատավարությունը կմեկնարկի արդեն սեպտեմբերի 15-ին՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Իսկ մինչ այդ, երեկ նրան զորակցելու հայտարարությամբ հանդես է եկել եւս մեկ իրավապաշտպան կազմակերպություն՝ Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը, որին անդամակցում են ոչ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Հայաստանի շուրջ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ: Ցանցի անդամ կազմակերպություններն իրենց տարածած հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել «հայազգի իրավապաշտպանի» նկատմամբ շարունակվող «անօրինական եւ անհիմն կալանավորման» փաստի առնչությամբ՝ արձանագրելով, որ չնայած նրան ներկայացված ֆորմալ մեղադրանքին, «Ա. Հակոբյանի կալանավորման իրական պատճառը կապված է ոչ միայն 2009թ. մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրություններում նրա իրականացրած դիտորդական առաքելության, այլեւ առաջին հերթին՝ նրա իրավապաշտպան գործունեության հետ»:

Իրավապաշտպանների ցանցի դիտարկմամբ, ոստիկանությունը փոխանակ գործ հարուցեր Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/23 ընտրատեղամասի նախագահի նկատմամբ, որը նույն տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Ա. Հակոբյանին տեղամասից դուրս էր հանել եւ սպառնացել էր ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, ուստիեւ՝ խախտել էր «Ընտրական օրենսգրքի» պահանջները, ձերբակալել է իրավապաշտպանին, իսկ ոստիկանական բաժանմունքում ենթարկել է ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման: Իրավապաշտպանների ցանցի ներկայացուցիչները հայտնել են, թե մասնակցելու են Հակոբյանի դատավարությանը՝ դիտարկելու համար դատավարության համապատասխանելիությունը ՀՀ Սահմանադրությանը՝ մասնավորապես հոդված 18-ին՝ դատավարության ընթացքում իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու իրավունքը, եւ հոդված 19-ին՝ անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունքը, նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ արդար դատաքննության իրավունքը: Ցանցի ներկայացուցիչները միաժամանակ կոչ են արել «մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր տեղական եւ միջազգային կազմակերպություններին», նաեւ մամուլին՝ նույն նպատակով իրենց ներկայացուցիչներն ունենալ սպասվող դատավարության ընթացքում: ՀՀ իշխանություններին էլ կոչ են արել նաեւ «հետաքննել ոստիկանական բաժանմունքում Ա. Հակոբյանի հանդեպ դրսեւորած անմարդկային վերաբերմունքի փաստերը: Հետաքննել միջադեպը, որը տեղի է ունեցել թիվ 8/23 ընտրատեղամասում»:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում դժվարացավ ասել, թե արդյոք այս եւ դրան նախորդած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Human rights watch-ի եւ ռուսաստանյան հեղինակավոր իրավապաշտպանների կողմից ավելի վաղ արած հայտարարությունները որոշակի ազդեցություն կունենա՞ն Ա. Հակոբյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի համատեքստում, բայցեւ կարծիք հայտնեց, որ իշխանության վրա կարող են ազդել միայն «դրսի» եւ հեղինակավոր կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումները: Նրա ասելով, Ա. Հակոբյանը Հարավային Կովկասում առաջին իրավապաշտպանն է, որ հայտնվել է բանտում, ինչը «ՀՀ իշխանությունների ամենահակադեմոկրատական քայլերից մեկն է»:

Պաշտպան Գ. Խաչատրյանը շեշտեց, թե ծանոթ լինելով մեր դատական համակարգին՝ մեծապես կասկածում է, որ դատարանն իսկապես արդարադատություն կիրականացնի, թեեւ «քրգործի ապացուցողական բազան շատ թույլ է ու հիմնված է բացառապես 4 ոստիկանի ցուցմունքի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել