«Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում են իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել»,- ասվում է «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միություն» կազմակերպության հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքվ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ նախաստորագրված արձանագրություններն «իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովրդի գոյությունը հայրենի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում»:
«Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները՝ Հայաստանի իշխանությունները օգնում են վավերացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր գոյություն ունեցող, սակայն իրավական հիմք չունեցող քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սեւրի պայմանագրով հաստատագրված եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը հարվածելու է հայկական իրավունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արեւմտյան Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետեւանքների վերացում»,- ասվում է «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միություն» կազմակերպության հայտարարության մեջ: