Այս հարցի պատասխանը ՆԺԿ ղեկավարն այդպես էլ չի ստանում
«ՀԱԿ-ն ու գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում տարբերություններ չունեն. տարբերությունները միայն նրբերանգների մեջ է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Արտաքին քաղաքական հարցերում ՀԱԿ-ի՝ գործող իշխանության համահունչ լինելը, սակայն, ՆԺԿ-ին չի կաշկանդի՝ ներքաղաքական հարցերում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում, եւ ամսի 18-ին կայանալիք հանրահավաքին Արամ Կարապետյանը կմասնակցի: Դեռ երեք տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցներից մեկում Արամ Կարապետյանը ակնարկել էր ընթացող հայ-թուրքական գաղտնի բանակցությունների մասին: Այսօր, արդեն խոսելով դրանց արդյունքի՝ օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, նա հարց է տալիս. «Իսկ ո՞րն է Հայաստանի շահը»: Այս գործընթացում նա տեսնում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ մնացյալի շահը, բայց Հայաստանինը չի տեսնում: Ըստ Կարապետյանի՝ Հայաստանի իշխանությունները մտել են բավականին բարդ ու վտանգավոր, Հայաստանի համար դաժան խաղի մեջ, որը տանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները համատեղ. «Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ է գաղտնի պահվում: Մի օր էլ կզարթնենք եւ կիմանանք, որ Հայաստանը Հոնդուրասի հետ պայմանագիր է ստորագրել Վենեսուելայի վրա հարձակվելու մասին»: ՆԺԿ-ի դիրքորոշումն այսպիսին է՝ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություն սկսի Ցեղասպանության ճանաչման նախապայմանով: Կուսակցության ղեկավարը տարօրինակ է համարում այն, որ կարող է մի ազգ մյուս ազգին կոտորել, 1,5 միլիոն մարդ սպանել, բայց այդ մյուս ազգը որեւէ նախապայման չունենա: Նախապայմանից զատ, ըստ բանախոսի, Հայաստանը պետք է նաեւ պնդի, որ Ղարաբաղի հարցը կապ չունենա հայ-թուրքական հարաբերությունների հետ:
Բանախոսը կարծում է, որ մարտի 1-ը լիարժեք չի բացահայտվի, ինչպես որ չբացահայտվեց հոկտեմբերի 27-ը: Այդ հանցագործությունների բացահայտումը, ըստ նրա, միայն իշխանափոխությունից հետո կլինի: Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովի աշխատանքին, ապա՝ «Հանձնաժողովը չի տվել մի քանի կարեւոր հարցերի պատասխան. ո՞վ է տվել մարդկանց վրա կրակելու հրամանը, եղե՞լ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի մոտ գործող շտաբ, ովքե՞ր են եղել շտաբի անդամները եւ արդյոք օլիգարխների բանդաները իսկապես մասնակցե՞լ են մարտի 1-ի սպանդին»: Արամ Կարապետյանի հավաստմամբ՝ հանձնաժողով պիտի հրավիրվեր եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը, գեներալ Խաչատուրովը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը. «Բայց այն բանից հետո, երբ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եկավ եւ հայտարարեց, որ շտաբ եղել է, այդ մարդկանց հրավիրելու պրոցեսն անմիջապես կանգնեցվեց»:
Ի դեպ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում մարտի 1-ի մեկ այլ գլխավոր դերակատար, Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանի՝ օրերս հանկարծամահ լինելու պատճառների մասին, Արամ Կարապետյանը նկատեց. «Պարզապես զարմանալին եւ հետաքրքրականն այն է, որ այդ մարդիկ մահանում են այն ժամանակ, երբ պետք է»: