«Ժառանգություն» կուսակցության անդամների համար մինչ այժմ գոնե հրապարակավ բնորոշ էր զսպվածությունը եւ լայնախոհությունը ներկուսակցական հարցերում: Այս ավանդույթը լիովին ոտնահարվեց երեկ:
Հեռացվածների որակումները
Երեկ կեսօրին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի առջեւ էին հավաքվել սեպտեմբերի 9-ին կուսակցության շարքերից հեռացված Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը եւ նրանց մի քանի կողմնակիցներ՝ «Ժառանգության» Ավանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանը, Աշտարակի տարածքային կառույցի անդամ Սարգիս Ալումյանը, Աջափնյակի տարածքային կառույցի անդամ Ասյա Համբարձումյանը եւ այլք: Ավելի շատ էին լրագրողները, որոնց տրված մեկնաբանությունների ընթացքում հատկապես Զոյա Թադեւոսյանը նոր որակումներ էր տալիս «Ժառանգության» իր նախկին գործընկերներին՝ անվանելով նրանց սրիկաներ, ֆաշիստներ, կեղծարարներ, բռնազավթիչներ, մանկամիտներ: Նաեւ հայտարարեց, թե Արմեն Մարտիրոսյանը հայտնի է եղել «Աղվանի ճուտ» մականվամբ, ունեցել է խանութ եւ խուսափել է հարկերից: Ու պնդեց, թե Արմեն Մարտիրոսյանի գործունեության եւ քաղաքական գնահատականների մեջ «ընդդիմադիր լինելու հոտ անգամ չկա»:
«Առավոտի» հարցին, թե որքանո՞վ է տեղին համարում նման ոճն ու որակումները համատեղ պայքարի թեկուզ արդեն նախկին ընկերների հասցեին՝ տիկին Թադեւոսյանն այսպես արձագանքեց. «Երբեք չեմ ընդունել կուսակցության վարչության մեջ այն ոճը, որով աշխատում է Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանի պահվածքը, որն անմիջապես՝ 2 տարվա ընթացքում դառնալով ԱԺ պատգամավոր, արդեն իրեն էլիտա է զգում: Որոշում է կուսակցության անունից կայացնել տարբեր հայտարարություններ, հաշվի չնստել կուսակցության անդամների հետ: Եվ նրա համար կուսակցության շարքային անդամն արժեք չունի: Նրանք չեն ճանաչում, չեն շփվում մեր շարքայինների հետ: Նրանք աշխատում են որպես կուսակցության էլիտա՝ պատգամավորական իրենց խմբակցությունով, մասնակցում տարբեր խրախճանքների, ցուցահանդեսների բացման»: Հիշեցրինք, թե այդ պատգամավորները՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ այլք, գալիս են նաեւ ոստիկանություն ու բոլոր այն վայրերը, որտեղ խնդիր է լինում ընդդիմության ակտիվիստների հետ, ոտնահարվում են նրանց իրավունքները, եւ հետաքրքրվեցինք՝ մի՞թե կարող է դա ժխտել: «Ես չեմ ժխտի: Դա տեսանելի մասն է, ինչը հանրության համար էր արվում: Եվ կան գործողություններ, որոնք տեղի են ունենում կուսակցության ներսում, որն իրականությանն ավելի համապատասխանող գործունեություն է, քան դա»,- պատասխանեց Զոյա Թադեւոսյանը: Եվ որպես իր պնդման եւս մի ապացույց՝ վկայակոչեց սեպտեմբերի 9-ին կայացրած որոշումը, որով «Ժառանգության» վարչությունը հիմնել է մանդատային, կադրային եւ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ զարգացման հարցերով հանձնախմբեր: «Մեկը ֆաշիստական է,- պնդեց ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը:- Արտաքին եւ ներքին անվտանգության հարցերով ստեղծում են լրտեսական խումբ, որ կուսակցության անդամներին հետեւեն՝ տեսնեն, թե ով ինչ գործերով է զբաղվում: Քանի որ, նրանց կարծիքով, կուսակցության ներսում կան գործակալներ, դավաճաններ, մարդիկ, որոնք լրտեսում են կուսակցությանը»: Զոյա Թադեւոսյանը նաեւ խոստացավ, թե առաջիկա օրերին բազմաթիվ մարդիկ են դուրս գալու կուսակցությունից. «Ես կբերեմ դիմումները սկզբում ձեզ ցույց կտամ՝ հետո կներկայացնեմ իրենց»:
Հեռացնողների որակումները
Իրենց նախկին կուսակիցների հասցե ին որակումների պակաս չէր զգացվում նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցազրույցներում (ներկայացնենք մի մեջբերում. «Զոյա Թադեւոսյանն ընդամենը զառանցում է»), եւ այն հաղորդագրությունում, որը տարածեց «Ժառանգությունը» կայացված որոշումների մասին: Մեջբերենք այդ հաղորդագրությունից, որտեղ ներկայացված են պատճառաբանությունները, թե ինչու էին հեռացվել վարչության երեք անդամները կուսակցության շարքերից:
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի մասին նշված է, թե քննարկվել է նրա «քայքայիչ գործունեությունը կուսակցության ներսում, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճը, կուսակցության անդամների հասցեին հերյուրանքներ տարածելու, «Ժառանգությունը» վարկաբեկելու նրա ջանքերը»:
Վարդան Խաչատրյանի գործունեությունը կուսակցության վարչության քաղաքական քարտուղարի պաշտոնում գնահատվել է անբավարար. «Վարչությունը քննարկեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործողությունները՝ կապված կուսակցությունը պառակտելու փորձերի, այլ կուսակցությունների ձեւավորմանն անձամբ եւ առանց կուսակցության լիազորման մասնակցելու եւ այդ գործընթացին «Ժառանգության» այլ անդամներին մասնակից դարձնելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը մշտապես եւ միտումնավոր խախտելու, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի, առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին մասնակցելու, նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ վարելու մեջ»:
Անբավարար է գնահատվել նաեւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի աշխատանքն այդ պաշտոնում. «Մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով հանձնաժողովների նոր անդամների լիցենզավորման եւ վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում, բացասական գնահատական տվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն տրված հանձնարարության կատարման արդյունքներին եւ իրեն վստահված լիազորությունների իրացման շրջանակներում դրսեւորած գործելաոճին: Վարչությունը նաեւ քննարկեց Զոյա Թադեւոսյանի վարքագիծը՝ կապված կուսակցության կարեւորագույն որոշումների ընդունման ընթացքում այլ քաղաքական ուժերի ազդեցությանը եւ շանտաժին նպաստելու, վերջապես՝ ղեկավար մարմնի՝ վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի հետ»:
Հ. Գ. Զոյա Թադեւոսյանի քննադատության թիրախ երեկ դարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի մասին ասաց. «Եթե դու ծնում ես զավակ, եւ այդ զավակը քեզ համար թանկ է, այդ զավակին եկել են փայփայելու շատ ու շատ ազնիվ մարդիկ, որոնք հավատացել են քեզ՝ տապալել այդ հավատն ու դավաճանել, այդ մարդկանց ես համարում եմ ոչ ճիշտ»: Եվ լրագրողի հարցին՝ «Կարելի՞ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դավաճանեց իր նախընտրական «տեր եմ» սկզբունքին ու տեր չկանգնեց»՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Այսօր արդեն կարելի է այդպես ասել»: Հավաքվածներից մի կին, որին ներկայացրին իբրեւ ՀԱԿ-ի համակիր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին անձնական վիրավորանքներ տեղաց, որոնք չենք հրապարակում Մովսես Արիստակեսյանի խնդրանքով. «Չի կարելի ամեն մի պատահական մարդու ասածը գրել»: