«Հրապարակված փաստաթղթերը որոգայթ են մեր ժողովրդի եւ նրա ապագայի համար: Իսկ ո՞ւր մնաց Սասունը, Մուշը, Վանը… Այսօ՞ր էլ երգենք՝ «Զարթիր, լաո».- սա ՀԿԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, որը երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Բանախոսը տարակուսանք է հայտնում, որ Հայաստանի նորագույն պատմության շրջանում էլ Թուրքիայի հակահայ պահվածքը «խելքի չի բերել» մեր իշխանություններին: Ավելին. «Այս նախաստորագրված արձանագրություններով Հայաստանի իշխանությունը Թուրքիային բարձրացրեց անմեղության պատվանդանին»,- ասում է ընկեր Թովմասյանը՝ հավելելով. «Մինչդեռ, Սովետական Հայաստանը Կոմկուսի ղեկավարությամբ իր ստեղծման օրից անցնելով ծանր օրեր, զանազան ավանտյուրաներ՝ իր գերբի վրա դրեց Մասիսի պատկերը, Հայաստանի հիմնի տողերում արտահայտեց հայ ժողովրդի մաքառումներն ու երկիրը դարձրեց Մայր հայրենիք, նկարահանվեցին բազում ֆիլմեր, գրվեցին գրքեր, Արեւմտյան Հայաստանի բնակավայրերի անվամբ անվանափոխվեցին գյուղեր, շրջաններ, կառուցվեց Եղեռնի հուշարձանը,
ապրիլի 24-ը պետականորեն հայտարարվեց սգո օր»: