Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

15 երկրների նկարիչները՝ Ազգային պատկերասրահում

Սեպտեմբեր 10,2009 00:00

Մեծ ցուցահանդես՝ առանց տաբուների ու թեմատիկ սահմանափակումների

Սեպտեմբերի 11-24-ը Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհի 15 երկրների անվանի նկարիչներ իրենց աշխատանքները կներկայացնեն հայ արվեստասերին: Հայաստան այցելելու ու իրենց աշխատանքները ներկայացնելու գաղափարն ու նախաձեռնությունը «Արիան Էսոր» ֆրանսիական մշակութային ընկերության նախագահ, նկարչուհի Ասիլվա Ժիրարդիե-Առաքելյանինն է: Նրա խոսքով, իրենց ընկերությունը ցուցահանդեսով Հայաստան էր եկել նաեւ մի քանի տարի առաջ, բայց աշխատանքների ու նկարիչների մեծ կազմով առաջին անգամ կներկայանա Ազգային պատկերասրահի հրավերով ու կներկայացնի կերպարվեստի շուրջ 55 աշխատանք. մասնակիցներն էլ «Արիան Էսորի» անդամներն են, որոնք տարբեր երկրներից են ընդգրկվել: «Բոլորն էլ իմ գործընկերներն ու բարեկամներն են»,- պարզաբանեց տիկին Ասիլվան: Նրա խոսքով, իրենց նախաձեռնության մեջ առաջին անգամ այս տարի ընդգրկվել է նաեւ Թուրքիայի երեք նկարիչ, առաջին անգամ «Արիան Էսորի» նախաձեռնությանը կմասնակցի նաեւ նկարչական ակադեմիայի մի քանի ուսանող. «Միշտ նորոգում եմ մեր կազմը, ամեն անգամ աշխատում եմ նոր ու հետաքրքիր ասելիք ունեցողների կազմն ընդլայնել մեր ցուցահանդեսներում, այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաեւ երկու հայաստանցի նկարիչ»: Տիկին Ասիլվան ասաց, որ թեմայի սահմանափակում չկա, բայց ինքը մանրակրկիտ ընտրություն է կատարել թե՛ արվեստագետների, թե՛ ցուցադրվող աշխատանքների հարցում՝ կարեւորելով դրանց ընդհանուր նմանությունը եւ համահունչ լինելու հանգամանքը:

Օրերս Ազգային պատկերասրահում ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցում էր նաեւ տիկին Ասիլվան, նրա խոսքով՝ ինքը արվեստի ոլորտում է ավելի քան հիսուն տարի: Անվանի նկարչուհին այս անգամ հայ արվեստասերին կներկայանա իր երկու աշխատանքներով՝ «Փախուստ» եւ «Էրեբունի» նկարներով. տիկին Ասիլվան դրանց մեջ խորը փիլիսոփայություն է տեսնում, բայց չի ցանկանում մեկնաբանել իր իսկ աշխատանքները, համոզված է՝ հանդիսատեսը յուրովի կհասկանա ու կմեկնաբանի:

Տիկին Ասիլվան Հայաստանում իր աշխատանքներն առաջին անգամ չէ, որ ներկայացնում է, հայրենիք էր այցելել մեկ էլ երեք տարի առաջ ու ներկայացրել իր անհատական ցուցահանդեսը:

Հաջորդ տարվա փետրվարին «Արիան Էսորը» կմեկնի Մարոկկո, մեկ այլ հրավերով էլ՝ Իտալիա: «Մեր նախաձեռնության նպատակը այլազգի նկարիչների հետ ստեղծագործական աշխույժ ծանոթություն, նաեւ հասարակության ու մասնավորապես երիտասարդների հետ ընդլայնված հաղորդակցության ստեղծումն է»,- ասաց Ա. Ժիրարդիեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել