Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՍԽԱԼ ԵՆ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Ըստ սեքսապաթոլոգի՝ դրանց կիրառումը չի փոխարինում բժշկի այցելությանը

«Հղիությունը կանխորոշող թեստերը վտանգավոր չեն, դրանք հանդես են գալիս որպես օգնող պրոցեդուրա»,- «Առավոտի» հետ զրույցում հղիության թեստերի մասին այսպես ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Վերջին շրջանում հղիության առկայության փաստը հաստատելու համար երիտասարդ աղջիկներն ու կանայք այլեւս չեն դիմում սոնոգրաֆիկ հետազոտությունների, չեն այցելում բժշկի, ձեռք են բերում հղիության թեստ եւ մեկ ժամվա ընթացքում պարզում՝ հղի են, թե ոչ:

Որքանո՞վ են արդյունավետ հղիությունը կանխորոշող թեստերը, վստահելի՞ են դրանք, արդյոք, եւ փոխարինո՞ւմ են բժշկական հետազոտությանը:

Ս. Հակոբյանի բնորոշմամբ, հղիության թեստերը նախատեսված են վաղ ժամանակահատվածում հղիության փաստը արձանագրելու համար. «Հավանական հղիության դեպքում կնոջ օրգանիզմում արտադրվում է խորիոնալ կոլադոտրոպին, որի քանակությունը մեզի մեջ բարձրանում է: Իսկ հղիության թեստը նախատեսված է ինդիկատոր մեխանիզմով հղի կնոջ մեզում խորիոնալ կոլադոտրոպինը հայտնաբերելու համար»:

Բժիշկ-սեքսապաթոլոգը նկատում է՝ թեստերը հղիության արձանագրման համար բազմաթիվ են, տարբեր երկրների եւ տարբեր ֆիրմաների: Թեստի որակը մեծ նշանակություն ունի: Թեստերի տարբերությունը նաեւ գնային համակարգի մեջ է. «Դրանք ունեն տարբեր զգայունություն՝ հղիությունը որոշելու համար, եւ առավել կիրառելի են այն ժամանակ, երբ դաշտանային ցիկլը ուշացել է մեկ օր: Այդ դեպքում արդեն կարելի է թեստը փորձել առավոտյան մեզով: Եթե ցույց է տալիս երկու գիծ, դա նշանակում է՝ կնոջ մեզի մեջ կա խորիոնալ կոլադոտրոպինի քանակի բարձրացում: Սա համարվում է բավական զգայուն թեստ, քանզի հենց հղիության դեպքում է հորմոնալ փոփոխությունը տեղի ունենում: Սակայն տեխնիկական սխալ կիրառման արդյունքում չի բացառվում նաեւ, որ պատասխանը լինի ոչ ճիշտ: Այսինքն՝ մեզն առավոտվա չլինի, կամ այն սրվակը, որտեղ իրականացվում է՝ պարունակի որոշ խառնուրդներ, բաղադրիչներ, որոնք կարող են ազդել թեստի զգայունության վրա, ինչը կհանգեցնի ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական պատասխանների»:

Ինչպես փաստում է մեր զրուցակիցը, թեստերի կիրառումն ունի եւ դրական, եւ բացասական ազդեցություն: Թեստերի դրական ազդեցության մասին բժիշկն ասաց. «Դրական կողմն այն է, որ անմիջապես հայտնաբերվում է հղիության փաստը: Իհարկե, դա պետք է նաեւ ստուգվի եւ հաստատվի սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում: Հետագայում արդեն հղիությունը փաստող հավաստի մեթոդներ գոյություն ունեն: Բացի այդ, վաղ շրջանում տեղեկանալով հղիության մասին, զույգերը ժամանակին են կարողանում որոշել հղիության հետագա ընթացքը, այսինքն՝ կանխել այն կամ պահպանել»:

Ինչ վերաբերում է թեստերի բացասական ազդեցությանը, ապա. «Երբեմն հանդիպում են դեպքեր, որ անհատները կամ զույգերը սկսում են սեւեռվել դրա վրա՝ հղի՞ են, թե՞ ոչ: Դա նրանից է, որ տվյալ զույգը շատ է ցանկանում երեխա ունենալ: Իսկ երբ հղիությունը շատ ցանկալի է, դարձել է կպչուն մտքի պես մի բան, կինը կարող է խաբկանքի ենթարկվել, այսինքն՝ հղիության թեստը կարող է կնոջը թյուրիմացության մեջ գցել: Բժշկության մեջ գոյություն ունի կեղծ հղիություն ասվածը: Դա այն է, երբ կինը հոգեբանորեն այնքան է ցանկանում հղիանալ, որ նրա օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ տեղաշարժեր, նույնիսկ խաթարվում է մենստրուացիան, այսինքն՝ ցիկլից ետ է ընկնում: Այդ ընթացքում թեստերի կիրառումը սխալ է, քանի որ ցանկացած պարագայում թեստը ցույց է տալիս դրական պատասխան: Սա կոչվում է կեղծ հղիություն: Դա կոնֆլիկտային, խիստ հուզական սթրեսոգեն վիճակներով պայմանավորված հոգեվիճակի արդյունք է: Հարկավոր է կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, նորմալացնել ցիկլի ընթացքը: Այս դեպքում հղիության փաստը իրականում գոյություն չունի, ուղղակի մենստրուացիան դադարել է, թեստը ցույց է տվել դրական պատասխան: Այս դեպքում առկա են լինում նաեւ հղիության մնացած բոլոր նշանները՝ սրտխառնոց, հոտերի նկատմամբ զգայունակության բարձրացում եւ այլն: Դա պարադոքսալ եւ ունիկալ երեւույթ է, որը երբեմն հանդիպում է»:

Բժշկի փոխանցմամբ, կեղծ հղիությունը կարող է տեւել 2-3 ամսից ավելի. «Դրան առաջին հերթին նպաստում է թեստի ցույց տված կեղծ դրական արդյունքը, որն ավելի է ներշնչում կնոջն ու ստիպում հավատալ հղիության չհաստատված փաստին: Իսկ երբ սոնոգրաֆիկ հետազոտությամբ չի հայտնաբերվում պտուղ, սա ամենաբարդ հոգեբանական պրոցեսն է, որովհետեւ կնոջը պետք է բացատրվի, որ նա հղի չէ»:

Սեքսապաթոլոգի փոխանցմամբ, հղիությունը որոշող թեստերը բացասական ազդեցություն են ունենում նաեւ զույգի սեռական հարաբերությունների վրա. «Զույգը կախվածություն է ձեռք բերում թեստերից: Երբեմն ժամանակ առ ժամանակ, ռեժիմի կարգով, անգամ չսպասելով ցիկլի ուշանալուն, օգտագործում են թեստ, որը բացասական ազդեցություն է ունենում զույգի եւ սեքսուալ կյանքի, եւ սեքսուալ ռիթմի վրա: Առաջանում է կախվածություն, սեքսուալ ռիթմն էլ իր հերթին պայմանավորում է հղիության փաստը՝ կա՞, թե՞ ոչ: Զույգը իր մեջ մշակում է օրացուցային ռիթմեր, որոշակիորեն հետաձգում են իրենց համար հաճելի սեքսուալ հարաբերություն ունենալու հնարավորությունը՝ վախենալով հետեւանքներից: Հաճախ փորձում են այն ժամանակ հարաբերություններ ունենալ, երբ, ըստ նրանց, հղիություն առաջանալու շրջան է: Եվ դա կոմպլեքսավորում է մտցնում ամուսնական զույգի սեռական կյանքի մեջ ու բացասաբար անդրադառնում ընդհանուր սեքսուալ ներդաշնակության, հարմոնիայի վրա»:

Ըստ մեր զրուցակցի՝ թեստային համակարգի ներդրումը բժշկության մեջ՝ վնասակար չէ, օրգանիզմին վնաս չտվող ստուգման արագընթաց մեթոդ է, ինչն էլ բավականաչափ ինֆորմատիվ է. «Տարբեր տվյալների համաձայն, մոտավորապես 60-90%-ի է հասնում թեստերի զգայունությունը՝ համակցելով այլ մեթոդների հետ, որը տալիս է մեծ ինֆորմատիվություն: Իսկ ինչ վերաբերում է դրանց վստահելուն, ապա նշեմ, որ թեստերի կիրառումը չի փոխարինում բժշկի այցելությանը, քանզի մեծ է կեղծ դրական, կամ կեղծ բացասական պատասխան տեսնելը: Մյուս հանգամանքն էլ այն է, որ այն կլինիկական դրսեւորումները, որոնք հղի կնոջ մոտ արձանագրվում են, կարող է եւ չարձանագրվեն անհատական հետազոտությունների արդյունքում: Դա խիստ անհատական է, հնարավոր է այդ դրսեւորումներն անձանագրվեն հղիության երկրորդ ամսվա ընթացքում կամ ավելի ուշ: Այդ իսկ պատճառով հղիության թեստը կարող է բավականաչափ վաղ արձանագրել հղիության փաստը, որից հետո անմիջապես պետք է դիմել բժշկի, որպեսզի հետագա ընթացքը ճիշտ կարգավորվի: Հայերը թեստերի նկատմամբ բավականաչափ դրական տրամադրվածություն ու վստահություն ունեն: Դա գալիս է նրանից, որ բժիշկները դեմ չեն հղիության թեստերի կիրառմանը եւ որեւէ վախ կամ անհանգստություն հայ կանանց շրջանում չի նկատվում դրանց նկատմամբ: Ակտիվ օգտագործում են, ինչն էլ նշանակում է՝ սեռական կյանքի փսիխոհիգիենայի եւս մեկ գիտելիքի տիրապետում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել