Հայաստանի ծանրորդները վերջին տարի ներին ստեղծված բարի ավանդույթի համաձայն՝ շարունակում են մեդալների առատ բերք հավաքել տարբեր տարիքային խմբերի ամենապատասխանատու մրցումներում:
Իսրայելի Էիլաթ քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան 7-րդ առաջնության երկրորդ օրը մեր հավաքականն իր նվաճած մեդալների ընդհանուր քանակը հասցրեց հինգի: Առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մեր հանրապետության հաշվարկին գրանցեց երկու ոսկե մեդալ, որի մասին տեղեկացրել ենք «Առավոտի» երեկվա համարում: Երեկ մրցահարթակ պետք է մտներ մեր երկու աղջիկներից մեկը՝ 48 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, նույնիսկ մեզ համար՝ նոր անուն: Ու, չնայած այս հանգամանքին, Իզաբելլան կարողացավ նվաճել երեք մեդալ, այդ թվում՝ հրում վարժությունում (76 կգ)՝ փոքր «ոսկե», իսկ «պոկումում» (60 կգ) ու երկամարտում (136 կգ), համապատասխանաբար, մեկական փոքր եւ մեծ արծաթե:
Երեկ Իսրայելում գտնվող Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հանգիստ էր, կարելի է ասել՝ բավարարված: Մեր հարցին, թե նոր մեդալների ակնկալիքներ կա՞ն, նա նույն հանգստությամբ, բայց հուսադրող վստահությամբ պատասխանեց. «Նախապես խոստումներ կորզել պետք չէ: Բայց սպասեք նոր բարի լուրերի»:
Նախորդ օրը մրցահարթակ էր մտել նաեւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Սմբատ Մարգարյանի քաշային կարգում հանդես եկող մեր երկրորդ մասնակիցը՝ Անդրանիկ Կարապետյանը: Նա ի սկզբանե մեդալների չէր հավակնում: Պարզապես մարզիչները, ամենայն հավանականությամբ, Անդրանիկին միջազգային մրցումների «համն ու հոտը» ճաշակելու հնարավորություն էին տվել: Ու արդյունքն էլ սովորական էր՝ նորմալ: Մարզիկը պոկեց 87 կգ, հրեց 123 կգ եւ երկամարտի 210 կիլոգրամով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: