Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղերը չսկսած՝ խաղեր են տալիս

Սեպտեմբեր 10,2009 00:00

Երեկ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ժամանել է Երեւան: Սկզբում ամեն ինչ լավ է եղել: Ինչպես tert.am–ից ենք տեղեկանում՝ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մենք Թբիլիսիով ենք ժամանել։ Մեզ հավուր պատշաճի ընդունեցին եւ տեղավորեցին հյուրանոցում»,- BBC-ի ադրբեջանական ծառայության լրագրողին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Աղայար Ախունզադեն։ Ադրբեջանի հավաքականի մարզիչներից մեկը՝ Ազեր Շիխալիեւը, նշել է, որ թիմը մարտականորեն է տրամադրված. «Մենք Երեւան մեդալների համար ենք ժամանել։ Մեր թիմում հավաքվել են լավագույն ադրբեջանցի ձյուդոյիստները։ Մենք կարծում ենք, որ այստեղից հինգ ոսկե մեդալ կտանենք»։ ANS հեռուստաընկերության թղթակից Գյունդուզ Աբասզադեն նույնպես գոհունակությամբ է արտահայտվել հայաստանյան կողմի ընդունելության մասին. «Ճիշտն ասած, դա որոշակի առումով անսպասելի էր։ Ինձ թվում էր՝ մեզ վրա ատելությամբ կնայեն։ Իրականում ես դա չտեսա»: Նա նաեւ ընդգծել է Անվտանգության ծառայության աշխատակիցների անթերի աշխատանքը։ Աբասզադեի խոսքով՝ «նրանք իրենց աշխատանքն են կատարում, բայց դա անում են այնպես, որ ոչ ոք, բացի մեզանից, չի իմանում, որ նրանք Անվտանգության ծառայությունից են: Լրագրողների աշխատանքի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մենք ապահովված ենք ինտերնետով, կարող ենք նկարահանումներ անել եւ նյութեր ուղարկել։ Այնպես որ, ոչ մի խնդիր առայժմ չկա»։ Սակայն ավելի ուշ a1plus.am-ից տեղեկանում ենք, որ նույն լրագրողը Բաքվին հաղորդել է, թե իրենց ճնշում եւ սադրում են: Ըստ լրագրողի՝ իրենց տեղափոխող միկրոավտոբուսում միտումնավոր կախված է եղել ԼՂՀ դրոշը:

«Ա1+»-ի հետ զրույցում սպորտի նախարարության ձյուդոյի պետական մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկատվությունը: «Առավոտյան մարզիկներին միկրոավտոբուսով տեղափոխում էինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մարզումներ անցկացնելու համար: Միկրոավտոբուսում կախված է եղել Հայաստանի, Վրաստանի եւ ԼՂՀ դրոշները: Դրանք վարորդի անձնական իրերն են, որոնք մշտապես գտնվել են մեքենայի մեջ: Սադրելու որեւէ դիտավորություն չի եղել»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դրոշը հանվել է, երբ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլշադ Ալեքպերլին այդ մասին խնդրել է հայկական կողմին: Ու չնայած դրան՝ ադրբեջանցի լրագրողը տարածել է, թե իբր իրենց սադրում են: «Այդ ամենից հետո լրագրողը կանչվել է իրենց պատվիրակության ղեկավարի մոտ, խիստ նախազգուշացվել ստահոդ լուրեր տարածելու համար: Նաեւ հաղորդել են Բաքու, որ լուրը անհիմն է: Լրագրողը երեւի ցանկացել է հերոսանալ, ու զարմանալի չի լինի, եթե վերադառնալիս նրան հռչակեն ազգային հերոս»,- նշեց Թաթուլ Հովհաննիսյանը: Ադրբեջանական պատվիրակության կազմում են 5 ձյուդոյիստ, 2 բժիշկ, 2 մարզիչ, մեկ մրցավար, մեկական թիմի ղեկավար ու թիմի պաշտոնյա, երկու լրագրող: Մարզիկները տեղավորվել են «Կոնգրես» հյուրանոցում: Սեպտեմբերի 10-ին կայանալու է վիճակագրություն, որի ժամանակ որոշվելու է, թե ում հետ են նրանք մրցելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել