Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշոր հաշվով հաղթանակ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Չինաստանում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում երեկ մեկօրյա հանգստից հետո Հայաստանի կանանց ազգային հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վիետնամի ընտրանու նկատմամբ: Մեր երկրին հաղթական միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը: Միակ կես միավորը մրցակցին տվեց Լիլիթ Մկրտչյանը:

Դատելով աշխարհի առաջնության պաշտոնական կայքի անմիջական եթերարձակումից՝ բոլոր պարտիաներում էլ հաղթանակները մեր աղջիկներին հենց այնպես, հեշտ չեն տրվել: Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը մրցակցին անձնատուր լինել ստիպել է 37-րդ քայլում: Լիլիթ Գալոյանից 55 քայլ է պահանջվել իր առավելությունը ապացուցելու համար, իսկ Լիլիթ Մկրտչյանը մեզ համար անչափ կարեւոր կես միավորը վաստակել է 51-րդ քայլում: Սակայն երեկ ամենածանրակշիռ հաղթանակը, բառիս բուն իմաստով, երկնել է Նելլի Աղինյանը: Նա արդեն միջնախաղից անմիջապես հետո ծանրակշիռ հաղթաքարեր ուներ, որոնք դեռ պետք էր ապացուցել, ինչն էլ Նելլին հետեւողականորեն ու համոզիչ անում էր: Սակայն մրցակիցը ոչ մի կերպ չէր համակերպվում իր ծանր ու անխուսափելի վիճակի հետ ու, թեեւ արդեն անիմաստ, շարունակում էր համառորեն դիմադրել: Անգամ տողերիս հեղինակը, որ շախմատի գիտակ չէ, անզեն աչքով էլ տեսնում էր, որ պարտությունն անխուսափելի է: Բայց վիետնամցին համառորեն շարունակում էր փրկության անհույս ելք որոնել: Այդպես նա պայքարեց մինչեւ արյան վերջին կաթիլը, հույս փայփայելով, որ գուցե Աղինյանի նյարդերը տեղի կտան: Բայց Նելլին 88-րդ քայլում, ի վերջո, Թի Կիմ Պոնգ Վոին ստիպեց ըմբռնել, որ նրա բոլոր ջանքերն անիմաստ են:

Մյուս հավաքականների պայքարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռուսաստան-Լեհաստան՝ 2:2, Ուկրաինա-ԱՄՆ՝ 2:2, Հնդկաստան-Չինաստան-2՝ 2,5:1,5, Չինաստան-1-Վրաստան՝ 3,5:0,5:

Այսպիսով, յոթերորդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը զգալիորեն բարելավեց մրցաշարային աղյուսակում իր դիրքերը:

1. Լեհաստան 10,0 (15,0) միավոր

2. Չինաստան-1 9,0 (17,0)

3. Ուկրաինա 8,0 (15,5)

4. Ռուսաստան 8,0 (15,0)

5. Հայաստան 8,0 (14,5)

6. Վրաստան 7,0 (14,0)

7. Հնդկաստան 7,0 (13,0)

8. ԱՄՆ 6,0 (14,5)

9. Չինաստան-2 6,0 (13,5)

10. Վիետնամ 1,0 (8,0):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել