Առաջարկում է բեմարվեստի մասնագետ Լեւոն Իվանյանը
2002 թ. մշակութային օջախները վերագրանցվեցին որպես Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), որոնցով օրենքը սահմանեց տնօրենի լիազորությունների ընդարձակումը եւ, բնականաբար, ստեղծագործական ղեկավարների ստորադասումը: Սա այն դեպքում, երբ ստեղծագործական կազմակերպություններում գեղարվեստական ղեկավարն է ստանձնում կառավարման մեթոդաբանությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ԱԺ-ում քննարկման է դրվելու «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, մեր օրինաստեղծները հավանաբար կմշակեն կառավարման նոր մեխանիզմներ, որոնք ոչ թե դուրս կմղեն ՊՈԱԿ-ի գաղափարը, այլ կգտնեն լուծումներ, որպեսզի ստեղծագործական օրգանիզմի կառավարման ֆունկցիան դրվի ոչ թե ստեղծագործական աշխատանքի հետ կապ չունեցող անձի, այլ արվեստագետի վրա:
«Առավոտը» զրուցեց բեմարվեստի մասնագետ Լեւոն Իվանյանի հետ, քանի որ բեմարվեստը ավելի լայն հասկացություն է, քան թատրոնը եւ ներառում է ինչպես թատերական ժանրեր՝ մնջախաղից մինչեւ դրամա, օպերա, այնպես էլ համերգային ու երաժշտական գործունեություն, հանդիսային արարողություններ թատրոնի բեմում, համերգային դահլիճներում, հրապարակներում ու տարաբնույթ սրահներում:
«Տնօրենի կողմից թատրոնի կառավարումը մեզանում երբեք չի գործի, քանի որ չկա որեւէ թատերական կառույց, որ կառուցած լինի որեւէ սեփականատեր ու իր սիրտը ցավի կառույցի ամեն քարի ու ներսում կատարվածի համար: Այս առումով միայն կոմունիստական փորձը գերադասելի էր թատրոնը շուկայի վերածելու արեւմտյան փորձից: Գոնե գաղափարախոսական նպատակ կար: Ի դեպ, այժմ մեզանում գործում են հենց կոմունիստաբար, այսինքն՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարին նշանակելով: Իսկ արեւմուտքի փորձը «ոսկե հորթի» խնդրից չի անցնում: Դա շատ ավելի ցածր կարգ է թատրոնի համար»,- զրույցի սկզբում ասաց պարոն Իվանյանը: Նա նաեւ հավելեց. «Հասկանալի է, որ առանց լավ ֆինանսիստների՝ հնարավոր չէ կազմակերպել թատրոնի աշխատանքը, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք կարող են թատրոն ղեկավարել: Լավ ֆինանսիստի ամենալավ գործը ստեղծագործական կազմին «ձեռքերի վրա» պահելն է: Նրանք ընդամենը օգնական պիտի լինեն, իսկ ստեղծագործական կազմը բացարձակապես կարիք չունի ղեկավարվելու նրանց ճաշակով»: Պարոն Իվանյանը հատուկ շեշտեց, որ խոսքը չի վերաբերում այսօրվա կոնկրետ անձանց՝ նետի իր սլաքն ուղղված է գործող համակարգի դեմ: Խնդրեցինք մանրամասնել: Ըստ նրա, մեր իրականության պայմաններում թատրոնների ղեկավարման պարզագույն ձեւն այն համակարգն է, ինչին ժամանակի պահանջով հանգել է հենց պետական ղեկավարման այսօրվա համակարգը. «Իր բոլոր թերություններով հանդերձ, դա ընտրական համակարգն է: Ինչպես երկրի նախագահին ընտրում է ժողովուրդը, այնպես էլ պիտի դերասանական աշխարհը ընտրի իր ղեկավարին: Սակայն պետք չէ նույնացնել քաղաքական ու թատերական ընտրությունները, տարբերությամբ, որ քաղաքականի մեջ էթիկա ու էսթետիկա չկա: Պետք է ձեւավորել ընտրական հանձնաժողով, ընտրազանգված եւ կազմակերպել թատրոնի ղեկավարի ընտրություն: Ընտրազանգվածը կարող է լինել նեղ մասնագիտական, լայն մշակութային կամ համապետական: Ընտրական մոդելներն էլ կարող են լինել նույնը, ինչ քաղաքական ոլորտում է: Ավելի լավ, որ հանձնախումբը թատրոնից ոչինչ չհասկանա. թող միայն ապահովեն արդար ընտրություն: Վստահ եմ, որ ինքնիշխան, ընտրական իրավունքով ղեկավարվող թատրոնը շատ ավելի լավ կլուծի իր խնդիրները, քան արեւմտյան «բիզնես» թատրոնը: Թատրոնի ղեկավարի համար էլ պիտի հայտարարվի մրցույթ: Տեսեք՝ որքան ղեկավար կհայտնվի: Իհարկե, 100-ից մեկը ընդունելի կլինի: Իսկ իրական թատերական բազմաֆունկցիոնալ ղեկավարը ոչ թե 100-ից կամ 1000-ից մեկը, այլ միլիոնից մեկը հազիվ կարողանա լինել: Հենց այդպես էլ պիտի լինի. թատրոնը հանձնեք արտիստներին եւ թողեք իրենք ընտրեն իրենց ղեկավարին: Ցավոք, մեր թատրոններից ոչ մեկը գործելու տեսություն չունի, մինչդեռ տեսությունների մի հսկա ընտրանի կարելի էր ձեւավորել ներկայացվող տարբեր ծրագրերի մեջ: Հաստատ էդ տեսություններում թատրոնին անհրաժեշտ գումարների ու ձեռքբերման ուղիների մասին էլ կլինեն կետեր»: