Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՐԱՎՈՆԵՐ՝ «ՇԵՅԼՈԿԻՆ»

Սեպտեմբեր 10,2009 00:00

Ստուրուայի ու Կալյագինի գեղագիտությունը՝ Հայաստանում

\"\"
Ալեքսանդր Կալյագինին հայ հանդիսատեսը ջերմ ընդունեց:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին ասեղ գցելու տեղ չկար. շեքսպիրյան փառատոնի շրջանակներում խաղացվող առաջին ներկայացումն էր: ՌԴ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնը հյուրընկալվել էր շեքսպիրյան գործերի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկով»: Սովորական պատմություն՝ մարդկային անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների (ռասայական, կրոնական, սոցիալական) ու բարոյական անկման մասին, որ հանդիպում է նաեւ այսօր՝ ամեն քայլափոխի:

Ներկայացումը դիտելու էին եկել ե՛ւ սովորական արվեստասերներ, եւ ճանաչված դերասաններ, եւ նորելուկներ, բնականաբար, այն ինչ դիտելու էին՝ յուրօրինակ վարպետաց դաս կարող էր լինել վերջիններիս համար:

Պարտքի դիմաց մի ֆունտ մարդկային միս պահանջող հրեա գծուծ առեւտրական Շեյլոկին մարմնավորել էր ինքը՝ Կալյագինը, ազնվարյուն վենետիկցի առեւտրական Անտոնիոյին՝ Վիկտոր Վերժբիցկին:

Մեծ կարողություն եւ նավեր ունեցող Անտոնիոյին Շեյլոկը համարում է արյան թշնամի, իսկ արյան խորհրդանիշը ներկայացման մեջ կովի «ֆիգուրն» է, որը ճակատագրական պահերին առաջ կամ հետ է գնում. օրինակ, երբ Շեյլոկը իր զոհից պիտի մի ֆունտ միս կտրի, կամ երբ հրեայի դուստր Ջեսիկան խայտառակում է հրեական արյունը՝ փախչելով քրիստոնյա երիտասարդի հետ: Ի դեպ, նույն ճակատագրական պահերին, կախված բեմադրության կոնկրետ կտորից, բեմի տակից «բուսնող» հերոսը գուժում է որեւէ բոթ կամ բարի լուր ավետում: Ինչ վերաբերում է բեմադրության մեջ «խաղացող» ձիու «ֆիգուրին», այն էլ խորհրդանշում է հարստությունը, որը ձեռք է բերվել դաժանության, հարստահարման, քծնելու, խաբեությունների, ստորացումների գնով: Նույնն է խորհրդանշում նաեւ ծնծղաների զնգոցը:

Չնայած Ստուրուայի բեմադրությունները սովորական հանդիսատեսի համար մի քիչ դժվարամարս են, բայց միեւնույն ժամանակ ձգող են՝ անակնկալ լուծումների շնորհիվ: Բացի վառ անհատականությունների փառահեղ խաղից, անշուշտ, ներկայացմանը գույն ու շունչ էին հաղորդել Գիա Կանչելիի հոգեբուխ երաժշտությունը, Գեորգի Ալեքսի-Մեսխիշվիլիի կոստյումները:

Նշենք, որ Շեքսպիրի ստեղծագործությունների առանցքում հիմնականում վրեժն է: «Շեյլոկում» էլ է այդպես, ու Ստուրուան էլ ավելի է ընդգծել այն՝ հրեա-քրիստոնյա հակասությամբ, որ գալիս է դեռեւս Քրիստոսի ժամանակներից: Շեյլոկն ատում է Անտոնիոյին, որովհետեւ նա իր մարդկանցով ծաղրում է հրեաներին, համեմատում շների հետ, դրա համար էլ բեմադրության վերջում հրեա առեւտրականը ոչ մի գնով չի ցանկանում պարտամուրհակում եղած գումարի բազմապատիկը վերցնել. միս է պետք, այն էլ իր զոհի սրտի մոտից կտրված, որովհետեւ իր ժողովրդին են անպատվել: Ի դեպ, Ստուրուայի բեմադրության մեջ քրիստոնյաները ներկայացված են իրենց խայտառակ վարքուբարքով, չնայած, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Շեյլոկն էլ մի «բարի պտուղ չէ»…

Ներկայացման ավարտին հաջորդեցին բուռն բրավոները, չնայած գտնվեցին նաեւ հանդիսատեսներ, որոնք աննկատ լքեցին դահլիճը՝ չդիմանալով Ստուրուայի ինքնատիպ ու ոչ ամեն մեկին ընկալելի գեղագիտությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել