Ամառային արձակուրդից վերադառնալուց հետո ՌԴ Դուման առաջին ընթերցմամբ քննարկելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրանով ընդլայնվում է այն պայմանների ցանկը, որոնց դեպքում պետության ղեկավարը առանց պատերազմ հայտարարելու իրավունք է ստանում այլ երկրներ զինուժ ուղարկել: BBC-ի մատուցմամբ, համապատասխան օրինագիծը Ռուսաստանի խորհրդարան է ներկայացվել դեռ օգոստոսին: Եթե այն ընդունվի, նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրավունք կստանա մի շարք դեպքերում զինուժ ուղարկել արտերկիր՝ առանց Դաշնային խորհրդի նախնական համաձայնության:
Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը, համաձայն դրանց, ծագում է արտերկրում արդեն տեղակայված ռուսական զորքերի վրա հարձակման դեպքում, արտերկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, ծովահենության դեմ պայքարի եւ բեռնանավերի անվտանգությունը ապահովելու, ինչպես նաեւ այլ պետության դեմ ագրեսիան կանխելու համար:
«Եթե այս օրինագիծը ընդունված լիներ մեկ տարի առաջ, Ռուսաստանը Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների սկսելուն սպասելու փոխարեն՝ դրանք կարող էր կանխել: Չէ՞ որ Հարավային Օսեթիայում պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ արդեն ակնհայտ էր, որ Վրաստանը հարձակման է պատրաստվում»,- «Նովիե իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Միխայիլ Բաբիչը: Ի դեպ, հիշյալ հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ իր եզրակացությունում շեշտել է, որ առաջարկվող փոփոխությունները «համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, «Ագրեսիայի ակտի սահմանման» մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւերին, ՄԱԿ-ի Հռչակագրի ծովային իրավունքի 100 եւ 107 հոդվածներին եւ այլն»: