Օրերս «Առավոտը» դժգոհություն էր ստացել Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի մի քանի ծնողների կողմից: Բողոք-նամակում նշվում է, որ եթե մյուս դպրոցներում որպես ֆոնդի փող ամսական հավաքվում է 1000 կամ ծայրահեղ դեպքում 2000 դրամ, ապա իրենց դպրոցում այս տարի այդ գումարը հասել է ամսական 5000 դրամի: «Առավոտը» այս դժգոհությունները փոխանցեց դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանին: Նա, լսելով դժգոհության մասին, խիստ զարմացավ եւ հավելեց. «Ախր մենք այս տարի ֆոնդի փողի մասին դեռ ոչինչ չենք էլ հայտարարել: Ուստի այդ ամենը ես զրպարտություն եմ համարում: Ու այս տարի նույնիսկ ֆոնդի փող չենք էլ հավաքելու»:
Հետաքրքրվեցինք՝ գուցե ինչ-որ ա՞յլ բանի համար է 5000 դրամի մասին խոսվել, ու ծնողները հասկացել են, թե դա վերաբերում է ֆոնդի փողին: Տնօրենը մտաբերեց. «Մենք դպրոցում ունեինք Ֆրանսիական դեսպանատան կողմից ֆինանսավորվող երկլեզվյա դասընթացներ: Սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դեսպանատունն այլեւս չէր վճարում դրա համար: Ու այդ դասընթացներին մասնակցելու համար ծնողները ստիպված էին ամսական վճարել 10 հազար դրամ: Այժմ մենք հովանավոր ենք գտել, եւ 10 հազարի փոխարեն ծնողները կարող են վճարել ամսական 5000 դրամ: Այս մասին հայտարարություն է փակցվել դպրոցում՝ տեղեկացնելով, որ 7-11-րդ դասարաններում սովորող երեխաները կարող են մասնակցել այդ դասընթացներին: Գուցե այս պատճառո՞վ է շփոթություն առաջացել»: