Պաշտոնավարման 100 օրվա առթիվ երեկ ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ներկայացրեց նախորդ երեք ամիսների աշխատանքը, ոլորտի խնդիրները, նպատակներն ու ձեռքբերումները:
«Այսօր գիտելիքը հասարակությունում չի ընկալվում որպես բարեկեցության գրավական: Մեր առաջնահերթ խնդիրներից է դրան հասնելը: Քանի դեռ գիտելիքը բարեկեցության նախապայման չէ, քաղաքացիների մի մասը չունի իրական գիտելիք ստանալու ցանկություն: Եվ այդ պատճառով քիչ չեն մարդիկ, որ պատրաստ են վճարել՝ կաշառքի կամ ուսման վարձի տեսքով՝ չսովորելու համար»:
Սակայն գիտելիք ստանալու համար անհրաժեշտ է բարձրացնել կրթության որակը բոլոր օղակներում՝ նախադպրոցական հաստատություններից մինչեւ դպրոց, քոլեջ եւ բուհ: Նախարարը համառորեն չգնահատեց ավագ դպրոցների կայացման կամ ընդհանրապես կրթության ոլորտում բարեփոխումների որակը, ասելով, որ դեռ վաղ է, եւ ընդհանրապես բարեփոխումները հնարավոր է գնահատել միայն շատ երկարաժամկետ կտրվածքով, իսկ այն, ինչ այսօր կա՝ համահունչ է այն ծրագրին, որ ընդունել է կառավարությունը: Երբ խոսք գնաց սոցիալական խնդիրներից, մասնավորապես՝ դպրոցների վերակազմավորման արդյունքում ուսուցիչների կրճատումներից, նախարարը նշեց, որ ցավոք, դա անխուսափելի էր: Սակայն չնայած այն բանին, որ դպրոցներում ուսուցիչների «ավելցուկ» կա, մեր մանկավարժական բուհերը ակտիվորեն աշխատում են այդ ավելցուկն ավելացնելու վրա. «Ամեն տարի մանկավարժական համալսարանը 2500 մասնագետ է պատրաստում, մինչդեռ ոլորտում այդքան թափուր աշխատատեղեր չկան: Սակայն մենք չենք կարող վերադառնալ խորհրդային ժամանակներին եւ պետպլան սահմանել՝ այս մասնագիտությունից այսքան կադր է պետք եւ վերջ: Կրթություն պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր ուզում են կրթվել եւ պատրաստ են վճարել դրա համար»:
Ընդհանուր առմամբ այսօր մեր երկրում միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում է 100 հազար մարդ, որոնցից 74 հազարը՝ բուհերում: Եվ այդ 74 հազարից 6 հազարը արտասահմանցիներ են, իսկ դա նշանակում է, որ մեր կրթությունը բավականին պահանջարկ ունի: Ինչպես նկատեց նախարարը՝ սա բարձր ցուցանիշ է, որով մենք առաջ ենք անգամ ԵՄ որոշ երկրներից: «Առավոտի» հարցին՝ ե՞րբ «Հանրակրթության մասին» օրենքը «միս ու արյուն» կստանա, ե՞րբ պատրաստ կլինեն օրենքում նախատեսված բոլոր կանոնակարգերը, որոնցով պիտի կարգավորվեն գործնական հարցերը, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ «Հանրակրթության մասին» օրենքը մոտ 60 կանոնակարգ պիտի ունենա, եւ այդ բոլորը ստեղծելը մեծ ռեսուրսներ եւ երկար ժամանակ է պահանջում. «Ցավոք, մեր նորմատիվաստեղծ ռեսուրսները չեն բավարարում», եւ այս կապակցությամբ նախարարը կոչ արեց տարբեր դրամաշնորհներով կրթական բնագավառում ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին՝ օգնել ԿԳՆ-ին այդ կանոնակարգերը հնարավորինս արագ գրելու հարցում: