Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿՏԱՐԲԵՐԱԿԵՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Սակայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում որեւէ հստակ բան նշված չէ տարբերակման ֆինանսական կողմի մասին

Ներկայումս շատ է խոսվում դպրոցի տնօրենների կամ այդ պաշտոնին հավակնող անձանց հավաստագրերի ձեռքբերման մասին: Այս պատճառով էլ մի տեսակ երկրորդ պլան են մղվել ուսուցիչների ատեստավորման մասին հարցերի քննարկումները, քանի որ նշված խնդրի ազդեցության ոլորտն ու չափերն ավելի մեծ են, ինչը նշանակում է, որ այսուհետեւ (համենայնդեպս, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի) առանց հավաստագրի ձեռքբերման որեւէ անձ հնարավորություն չի ունենա մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթի: Իսկ սա ենթադրում է, որ նախկինում ընդունված «կարգը», որ եթե թաղապետի, թաղապետարանում բարձր պաշտոն զբաղեցնող կամ այլ պաշտոնատար անձի կինն ես կամ բարեկամը, ապա հեշտությամբ կարող ես «հասնել» տնօրենի պաշտոնին, արդեն պիտի որ չգործի:

«Հանրակրթության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի՝ «Ուսուցիչը եւ նրա ատեստավորումը» խորագիրը կրող 26-րդ հոդվածով սահմանված է. «Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի»: Մանկավարժական շրջանակներում, երբ քննարկվում է ուսուցիչների ատեստավորման հարցը, որոշ ուսուցիչներ բարձրաձայնում են, թե ատեստավորման ենթակա ուսուցչի ընտրության հարցը թողնելով տնօրենի հայեցողությանը՝ ուսուցչին դարձնում են ավելի խոցելի: «Առավոտը» ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ ուսուցիչները հայտնվեն խոցելի իրավիճակում: Նա պատասխանեց. «Ամեն տարվա մայիս ամսին դպրոցի տնօրենը պիտի բոլոր ուսուցիչներին տա մի փաստաթուղթ, որտեղ նշված է ուսուցչի ատեստավորման մասին: Տվյալ ուսուցիչը պիտի 3 ամիս առաջ իմանա, որ ինքը պիտի ատեստավորվի նշված ժամանակահատվածում: Ատեստավորմանը պիտի նախորդի վերապատրաստումը: Եթե տնօրենի վերապատրաստումը կատարվում է սեփական միջոցների հաշվին, այսինքն՝ ով ուզում է տնօրեն դառնալ, պիտի վճարի, գնա վերապատրաստվի, ստանա հավաստագիր, ապա ուսուցիչը վերապատրաստվում է պետական միջոցների հաշվին»: Ա. Բախշյանը, հղում կատարելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին, նշեց. «Ատեստավորումը ենթադրում է 5 տարակարգ: Առաջին տարակարգ, որը նշանակում է, որ ուսուցիչը համապատասխանում է իր պաշտոնին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ: Ամենացածր տարակարգը նշանակում է, որ ուսուցիչը չի համապատասխանում իր պաշտոնին: Այդ դեպքում տնօրենն իրավունք ունի խզել աշխատանքային պայմանագիրը»: Ըստ էության, տարակարգերը պիտի միմյանցից տարբերվեն ոչ թե անունով, այլ որոշակի ֆինանսական հատկացումներով, ինչի չափը նշված չէ օրենքում: Սակայն տիկին Բախշյանը կարծում է. «Առնվազն պիտի 20 տոկոսի տարբերություն լինի, որ մոտիվացիա լինի, որ ուսուցիչը ձգտի բարձրացնել իր որակավորումը»: Իսկ երբ մի առիթով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրինք, թե տեղեկատվական աշխատանքներ չե՞ն տանելու ուսուցիչների հետ՝ նրանց նախապատրաստելով սպասվող ատեստավորման գործընթացին, նա ասաց. «Ամեն բան կայքում տեղադրված է, կարող են մանկավարժները տեղեկանալ»: Զրուցեցինք նաեւ մանկավարժների հետ: Լոռու մարզի «Մխիթար Գոշ» համալսարանի հենակետային վարժարանի տնօրեն Թամարա Արղուշյանը ուսուցիչների ատեստավորման մասին ասաց. «Եթե ամեն բան լինի օբյեկտիվ, ուրեմն սա շատ լավ համակարգ է: Սակայն լինում են երբեմն դեպքեր, երբ այնպիսի մարդիկ են որակավորում ստանում, որ նրանց լավ ճանաչելով՝ նույնիսկ անհարմար ենք զգում»: Կողեսի հիմնական դպրոցի տնօրեն Իլյա Տրանդաֆիլովն էլ նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Կարծում եմ՝ ատեստավորումը կաշխատի: Չէի ասի, որ դպրոցում տարվում են այդ առումով ինֆորմացիոն աշխատանքներ, բայց ավելի մեծ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները քաջատեղյակ են այդ գործընթացին»:

Հետաքրքրվեցինք՝ օբյեկտի՞վ է ատեստավորման ենթակա ուսուցչի ընտրությունը թողնել տնօրենի հայեցողությանը, զրուցակիցս պատասխանեց. «Դա արվում է դասալսումների միջոցով, մանկավարժական խորհրդում եւս քննարկվում է այդ հարցը, այնպես որ, միայն տնօրենի եւ խորհրդի խնդիրը չէ դա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել