Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր»1 գրքի շուրջ

Այս հեղինակի մասին լսել եմ վաղուց: Տարիներ առաջ, Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող գրողների միութենական խորհրդակցություններից մեկում, պաշտոնական շրջանակից դուրս, խոսք բացվեց դիասպորայի, այլ խոսքով՝ սփյուռքի գրականության մասին: Խոսեց նաեւ մեր մեջ գտնվող ադրբեջանցի մի գրող, հիշեց Բանինին, նշելով, որ ֆրանսիական արդի գրականության խոշորագույն դեմքերից է, գրեթե Նատալի Սարրոտին հավասար:

Ես, որ Շահնուրի եւ Կոստան Զարյանի, Սարոյանի եւ Մայքլ Առլենի, Ադամովի եւ Վահե Քաչայի տերն եմ, բնավ պատճառ չունեի նման հայտարարությունից նախանձով լցվելու, մանավանդ որ՝ կողքիցս հնչած պատասխանն այդ հարցը փակեց. «Նատալի Սարրոտին լավ գիտենք, ֆրանսիական արդի արձակն էլ քիչ թե շատ գիտենք, բայց ձեր ասած գրողի մասին չենք լսել»: Հետագայում եւս, մեկ-երկու անգամ խոսք բացվեց այս գրողի մասին, եւ ամեն անգամ՝ որպես արդի ֆրանսիական, եվրոպական, համաշխարհային գրականության խոշոր դեմքերից մեկը:

Նավթարդյունաբերող, մուսավաթական նախարար, բազմամիլիոնատեր Շամսի Ասադուլաեւի դուստր, ադրբեջանցի ֆրանսագիր արձակագիր Բանինը ծնվել է 1905թ. Բաքվում, հայ-թաթարական բախումների օրերին: 1924թ. գաղթել է Փարիզ եւ այնտեղ ապրել իր ամբողջ կյանքը՝ մինչեւ 1996թ.: Տպագրել է մի քանի գրքեր (ըստ որում՝ բավական պատկառելի հրատարակչություններում), որոնցից բախտ եմ ունեցել կարդալ միայն «Կովկասյան օրեր» հուշապատումը՝ երկու հարյուր վաթսուն խիտ էջեր, բազմաթիվ լուսանկարներով:2

Այսպիսով, Բանինի անվանը բազմիցս պիտի հանդիպեի անցած տասնամյակների ընթացքում: Դրանցից ամենատպավորիչը, թերեւս, ադրբեջանցի գրաքննադատ եւ արձակագիր Էլչինի ընդարձակ հրապարակումն էր «Լիտերատուրնայա գազետա»-ի էջով մեկ: Թերթն ասես կաշվից դուրս էր գալիս՝ Սումգայիթի, Բաքվի եւ Գանձակի սահմռկեցնող խժդժությունների տպավորությունը մեղմելու, ադրբեջանցիների մասին հնարավորին չափ դրական պատկերացումներ ստեղծելու համար՝ շուրջ չորս միլիոն տպաքանակ ունեցող թերթի ընթերցողների մեջ, որոնց մի զգալի մասը, ի դեպ, առանձնապես մեծ տարբերություն չէր տեսնում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

Ավելին, բանից անտեղյակ մարդը չէր կարող հարգանքով չլցվել այդ հեղինակի, գուցեեւ ադրբեջանցիների հանդեպ, օրինակ՝ այսպիսի տողեր կարդալուց հետո. «…եւ Փարիզն արդեն նրա համար բնակեցված էր բարեկամներով. Արագոն, Սարտր, Էլյուար, Մոնտեռլան, Տրիոլե, Կ. Ռոյ… Փարիզը միաժամանակ բարեկամ վտարանդիների ապաստանն էր. Բունին, Ա. Տոլստոյ, Շալյապին, Զ. Գիպպիուս, Տեֆֆի…» («Լիտերատուրնայա գազետա», 26 հուլիսի 1989):

Իհարկե, մեզ քաջ ծանոթ է նման հրապարակումների խոհանոցը: Բացի այդ, դժվար է ասել, թե բարեկամությունը, նման պարագաներում, կարող է նաեւ վերոհիշյալ անձանց մասնագիտական գնահատությունը լինել: Ի վերջո, հայտնի է ֆրանսիական բարեկրթությունը, երբ ստացված եւ նվիրաբերված գրքերը, մեծ մասամբ, ընթերցվում են եւ, ինչպես պահանջում է գրական վերնախավի չգրված օրենքը, պատասխանվում են խրախուսանքի եւ երախտագիտության մի քանի հանրահայտ ու ընդհանուր ֆրազներով: Ի դեպ, եթե ֆրանսերեն իմացող մեկը չծուլանա եւ թերթի, ասենք, Շահան Շահնուրի արխիվի մի չնչին մասը, որ անխռով ննջում է մեր գրական թանգարանում, ապա այնտեղ՝ իսկական ու բարձր գնահատությունների կողքին, կգտնի քաղաքավարական նման անթիվ փաստաթղթեր ֆրանսիական գրականության գրանդների ստորագրությամբ:

Այնուհանդերձ, Էլչինի հրպարակումն իր ազդեցությունը թողնում էր, անգամ եթե քաջ ծանոթ ես այս խոհանոցին: Հոդվածում բերված այս տպավորիչ անուններին ավելացել էին խանումի թղթակցության որոշ դրվագներն Իվան Բունինի հետ: Չգիտեմ, պատահակա՞ն են ընտրված այդ պատառիկները, բայց ստացվում էր մի անջնջելի տպավորություն, որ Նոբելյան մրցանակակիրը, ռուս մեծ դասականն ուշիմ աշակերտի պես, սուսուփուս, գլուխը կախ լսում է արեւելցի կնոջ դասերն ու խրատները:

Բանինը Բունինի (ներողություն՝ այս ակամա հանգավորման համար) մասին գիրք ունի գրած, հավանաբար այնտեղից կարելի է իմանալ բարոյախրատական այս կազուսի պատճառները: Ընթերցողները, չգիտենք, այդ գիրքը կկարդան, թե ոչ, բայց «Լիտերատուրնայա գազետա»-ի հրապարակումը նրանց հիշողության մեջ ամրապնդեց եվրոպացի, քաղաքակիրթ, եթե կուզեք, նույնիսկ բարձրաշխարհիկ ադրբեջանցի խանումի կերպարը:

Ահա այսպե՛ս: Հրաշալի դաս հայ մտավորականներին առ այն, թե ինչպես կարելի է գրական-մշակութային անսեթեւեթ նյութը, միջակ պերսոնաժով, եվրոպական որոշ առասպելաբանությամբ համեմելով՝ դարձնել քաղաքական պայքարի զենք: Մի ձեռքով մարդ կեր, բռնաբարիր, մորթիր, թալանիր, մյուս ձեռքով բարձրաշխարհիկ քրոնիկոն մատուցիր միամիտ ընթերցողներին: Կարծում եմ՝ այս հարցում մեկնաբանությունների կարիք չկա, մանավանդ որ, հարկ է խոսել Բանինի հետ ունեցած իմ հեռակա մեկ այլ հանդիպման մասին:

Փարիզում լույս տեսնող «Յառաջ»-ի 1990թ. հունիսի 3-ի համարում տպագրվել էր Մարկ Նշանյանի «Արդիական սկզբունք» հոդվածը՝ ֆրանսերեն, որն ինձ ծանոթ էր վաղուց, անտիպ տարբերակով, սակայն առաջին իսկ հայացքից անծանոթ պարբերություններ նկատեցի եւ, ո՜վ զարմանք, Բանինի մասին այս անգամ արդեն խոսում էր ֆրանսահայ գրականագետը:

Համառոտակի ներկայացնելով ադրբեջանցի գրողին, Մ. Նշանյանը գրում է, որ Բանինն «այս տարվա հունվարին «Մոնդ» օրաթերթում հրապարակել է մի նամակ, ուր բացատրում է, թե Ղարաբաղը չի կարող պատկանել հայերին»:

Ութսունհինգամյա այս յազիջի3 մադամն ինձ համար սկսում էր դառնալ հետաքրքրության լուրջ առարկա: Արագոնի եւ Սարտրի ընկերն Արցախի հարցում կանգնել էր Անարի եւ Վահաբ-զադեի պլատֆորմին: Հատկապես շեշտում եմ Սարտրի անունը, մի մտավորական, որն անցյալ դարի հիսնական թվականներին, Քամյուի եւ ֆրանսիական մշակույթի այլ ականավոր դեմքերի հետ մեկտեղ, պահանջում էր ապագաղութացնել Ալժիրը:

Սակայն անսպասելին հայտարարությունը չէր Արցախի մասին: Մ. Նշանյանի հոդվածում բերված Բանինի տողերն ապշեցնում էին իրենց լպիրշությամբ եւ սադիզմով: Խնդրո առարկա գիրքն ընդհանրապես հուշագրություն է ծայրեծայր: Դրվագներից մեկում հեղինակը պատմում է ամառանոցային հարեւաններից մեկի աղջկա՝ Թամարայի մասին: Հրեշտակային գեղեցկության մի էակ, հայ մոր եւ օսմանցի հոր խառնուրդ:

«Թամարան շատ թանկ էր վճարում այն բանի համար, որ մայրը հայ է», – գրում է Բանինը: Այնուհետեւ պատմում է, թե ինչպես իր զարմիկները, տասներեք-տասնչորս տարեկան երկվորյակները՝ Ասադ եւ Ալի անունով, տեւականորեն խոշտանգում էին այդ աղջնակին՝ իր միակ եւ անշտկելի «մեղքի» համար.

«- Թամարա, դու անարգ եւ կեղտոտ հայ ես,- ասում էր Ալին, կսմթելով նրա ձեռքը…

Թամարան ցավի մի ճիչ էր արձակում, հետո ընկճված հառաչում եւ իջեցնում իր սքանչելի գլուխը:

– Թամարա, արի շտկեմ քո հայի կեղտոտ եւ ծուռ քիթը, – գոռում էր Ասադը եւ ամբողջ ուժով քաշում Թամարայի փոքրիկ եւ անթերի ուղիղ քիթը:

Արցունքները հոսում էին նրա աչքերից, բայց նա լուռ էր…» (էջ 65-66):

«Գործող անձինք», ինչպես տեսնում ենք, դեռ երեխաներ են, սակայն մեծահարուստների, նավթարդյունաբերողների զավակներ, ուստի նրանք հազիվ թե իրենց կյանքի փորձից քամեին այս պաթոլոգիկ հայատյացությունը: Երեխաները կրկնում են այն, ինչ խոսվում է տանը: Հայատյացությունը, ռասիզմն ընդհանրապես, ծայրաստիճան անհանդուրժողականությունը բոլոր այլազգիների եւ հատկապես քրիստոնյաների նկատմամբ նրանք ժառանգել են իրենց ծնողներից: Սա նույնիսկ ծիսական առասպելի պես մի բան է, որ փոխանցվում է սերնդից սերունդ եւ բնավ ենթակա չէ քննական հայացքին: Այլ խոսքով, ստացվածքն անխաթար ձեռքից ձեռք է անցնում, եւ ոչ մի ստացող պարտավոր չէ իր համար պարզել դրա ծագումը եւ անհրաժեշտությունը: Նույնն է, թե փորձ անես պարզելու հարսանեկան ծեսերը կամ կրոնական պարտադրանքները. այսպես է եւ վերջ, կատարիր եւ մի մտածիր:

Ստորեւ բերվող ընդարձակ նկարագրությունը մեր ասածի հաստատումն է: Շարունակելով թրքուհի (հետո ի՞նչ, որ մայրը հայ է, ասում են՝ Աբդուլ Համիդի մայրն էլ հայ էր) Թամարայի խոշտանգումների եւ ծաղրուծանակի նկարագրությունը, Բանինը բավական չեզոք ոճով պատմում է. «Տոն օրերին մենք խաղում էինք հայկական ջարդեր, մի խաղ, որ գերադասում էինք մյուս բոլորից: Ցեղապաշտ կրքերով արբած, մենք զոհաբերում էինք Թամարային նախնյաց ատելության խորանի վրա: Նախ, ուզածին պես մեղադրում էինք նրան մահմեդականների սպանության մեջ եւ բազում անգամներ, իրար ետեւից, տեղնուտեղը գնդակահարում՝ շարունակ նորոգելու համար մեր հաճույքը: Այնուհետեւ, երբ արդեն լավ գինովցած էինք նրա արյան տեսքից, Թամարային հարություն էինք տալիս՝ ի պետս մեր դատի, որպեսզի այս անգամ նրան սպանենք համաձայն արվեստի (խոսքը, հավանաբար, մարդասպանության «արվեստի» մասին է – Ալ. Թ.) բոլոր կանոնների: Նրա ձեռուոտը կապում էինք եւ շպրտում գետնին, հետո կտրում էինք նրա մարմնի մասերը, լեզուն, գլուխը, պոկում սիրտն ու փորոտիքը եւ նետում շներին, որպեսզի ավելի ընդգծենք մեր արհամարհանքը նրա հայկական մարմնի հանդեպ: Երբ, վերջապես, բավականաչափ հագեցնում էինք մեր վայրագությունը եւ այլեւս ոչինչ չէր մնում թշվառ աղջկանից, սկսում էինք պարել նրա դիակի շուրջ, ճոճելով մեր փայտե հրացանները եւ գազանային ոռնոցներ արձակելով…» (էջ 66):

Ես բախտ չեմ ունեցել աչքովս տեսնելու, թե ավելի ուշ «ՄՌՐՏՍՏ ՔՈչՈռ ԸջպՐոՈռՊՋՈվ»4-ում երեխաներն ինչ խաղեր էին խաղում, ոչ էլ «եղբայրական» հանրապետության գրողների գործերում եմ կարդացել, եւ հազիվ թե կարդայի. ի տարբերություն փարիզաբնակ խանումի, նրանց գրքերը հսկվում էին գրաքննությամբ: Սակայն կարող ենք անվարան ասել, որ Սումգայիթում, Գանձակում եւ Բաքվում միեւնույն եւ ավելի սոսկալի բաները զանգվածաբար անող ամբոխը կազմված էր նման «երեխաներից», այն տարբերությամբ, որ նրանք շքեղաշուք տներում չէին ապրել, Գերմանիայից բերված դաշնամուրների վրա Մոցարտ ու Լիստ չէին նվագել եւ մանավանդ եվրոպացի դաստիարակչուհիների խնամքի տակ չէին մեծացել: Հետաքրքիր է, Հիտլերի իշխանության օրոք գերմանացի երեխաներն արդյոք խաղո՞ւմ էին «հրեական ջարդեր»… Այդ մասին երեւի Էռնստ Յունգերը պիտի գրեր իր առաջաբանում:

Այս տեսարանին, սակայն, հաջորդում են նույնքան քստմնելի նախադասություններ. «Երբ տեսադաշտում որեւէ դաստիարակչուհի էր երեւում կամ հասուն մարդ, անմիջապես ոտքի էինք հանում կիսամեռ Թամարային, բռնում նրա ձեռքը եւ, մանկական երգեր երգելով, եղբայրական շուրջպար բռնում» (էջ 66):

Ընթերցողին պիտի հավաստիացնեմ, որ ջանացել եմ ծայրաստիճան հարազատորեն ներկայացնել Բանինի տեքստը եւ հատկապես որոշ ածականներ թարգմանելիս հավատարիմ մնալ օթելլոյական պատվիրանին. «Ո՛չ ավելացնել, ո՛չ պակասեցնել չարամտորեն»: Այսինքն՝ կարիք էլ չկար: Տեքստի բուն տրամաբանությունն այնպիսին է, որ որեւէ միջամտություն, բարի թե չար կամքով, էական փոփոխություն չի կարող մտցնել, եւ մանավանդ կծու ճաշին կարիք չկա պղպեղ ավելացնել:

Այն, որ Բանինը իսկապես անխաթար է ներկայացրել իր մանկության դրվագները, ընթերցողը կնկատի առաջին իսկ էջերից, ուստի պատմելով երկերեսանիության եւ կեղծավորության պժգալի տեսարանը, հեղինակը ցանկություն չի ունեցել ընթերցողի ուշադրությունը բեւեռել առանձնահատուկ մի բանի վրա: Գրել է, որովհետեւ հիշել է: Առանց որեւէ փոփոխության, առանց մի խմբագրման պատմել է այն, ինչ պահպանել է հիշողությունը: Եվ պատմել է անմասնակից, չեզոք, անտարբեր ոճով: Ասես խոհանոցի մասին է պատմում կամ իրենց ընտանեկան համամի, այսինքն՝ ներողություն, խոհանոցի եւ բաղնիքի վերհուշները գրքում չափազանց աշխույժ են:

Մոնտեռլանի եւ Էլյուարի բարեկամուհին, տասնամյակներ հետո հիշելով այս ամենը, հարկ չի համարել վերանայել, սրբագրել իր հուշերը, մարդկային արժեքների նոր լույսի ներքո գնահատել իր իսկ գործողությունները (թեկուզ մանկակա՛ն)՝ կատարված անցյալում: Իրադարձությունները, այո, տեղի են ունենում վաղուց, կիսաֆեոդալական միջավայրում, բայց չէ՞ որ հեղինակն արդեն Փարիզում է, նա գտնվում է գրական-մշակութային, վերջապես, բարոյական մի համատեքստի մեջ, որը պահանջում է վերանայել շատ ու շատ արժեքներ, ինքնաքննադատաբար վերաբերվել սեփական անցյալին, հարկ եղած դեպքում ներողություն խնդրել, նույնիսկ մեղա գալ: Սակայն Բունինին դասեր տվող այս խանումը կարիք չի զգացել Փարիզի կենտրոնում գոնե փոքրիկ շտկումներ մտցնել իր հայացքների մեջ: Վերանայել իր եւ իր ժողովրդի վերաբերմունքը մարդկության այն հսկայական հատվածի հանդեպ, ովքեր թուրք ու ադրբեջանցի չեն:

 

1 Banine, «Jours caucasiens», gris banal, ռditeur, 1985, Paris.

2 Գուցե հարկ է նշել, որ գիրքը բացում է գերմանացի գրող, գերմանական բանակի բարձրաստիճան սպա, համաշխարհային երկու պատերազմների մասնակից, արձակագիր Էռնստ Յունգերի նամակը (հիացական, գերադրական գնահատություններ Բանինի համեստ շարադրանքի մասին): Է. Յունգերը, Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, նացիստական բարձրաստիճան շրջանակներում ունեցած կապերի շնորհիվ, կարողացավ խուսափել Արեւելյան ռազմաճակատ մեկնելուց եւ գործուղվեց Փարիզ, որտեղ եւ, հավանաբար, ծանոթացել է ադրբեջանցի գրողին:

3 Գրող (թուրք.):

4 Հեյդար Ալիեւի կարգախոսն է, ասպարեզ հանված անցյալ դարի 70-ական թվականների վերջին:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել