Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴԻՐ ՄԱՅՐՈՒՂԻ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Աշտարակ-Երեւան միջպետական մայրուղու նախկին պաշտպանության նախարարության շենքից մինչեւ մայրաքաղաքի մուտքը՝ 16-րդ թաղամասը՝ «Վահագնի» թաղամասի մատույցները, վարորդները ակամա կարող են տարաբնույթ տհաճ անակնկալների հանդիպել: Այս ճանապարհահատվածում, բացի տարբեր տրամաչափի փոսերից, մեկը մյուսի հետեւից գոյացել են թմբեր եւ վարորդների աննշան անզգուշությունից մեքենաները կարող են անկառավարելի դառնալ: Բացի այն, որ այստեղ ամեն օր ջարդուխուրդ են լինում մի քանի մեքենաների առջեւի մեխանիզմները ու տասնյակ հազարների վնաս պատճառում վարորդներին, անխուսափելի են նաեւ վթարները, որոնք զարմանք կարող են պատճառել: Երկարաձիգ ու լայն ճանապարհի հարթությունը խաբուսիկ է, մանավանդ՝ անձրեւի ժամանակ եւ առավոտյան արեւոտ եղանակին, առավել եւս տեղանքին անծանոթ կամ ոչ շատ լավ ծանոթ վարորդների համար: Պարբերաբար երթեւեկողներն արդեն անգիր են արել ճանապարհի լավ եւ վատ հատվածները եւ լավ հատվածներով երթեւեկելու համար տարբեր հնարքների են դիմում, օգտագործում վարորդական բոլոր հմտությունները:

Բացի Հույսի ավանից, այս մայրուղու եզրին են գտնվում Վահագնի եւ Վանահովիտ թաղամասերը: Գաղտնիք չէ, որ այս թաղամասերի էլիտար խավի մեջ կան պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց «փափկասուն» մեքենաները նույնպես կարող են հայտնվել անկանխատեսելի փորձանքի մեջ: Ժողովրդական հայտնի իմաստնություն կա՝ հացը երեսից է ուտվում: Մայրաքաղաքի մուտքը խորհրդանշող այս ճանապարհը այսօրվա վիճակով կարող է դառնալ Հայաստանը զբոսաշրջության երկիր դարձնելու չարչրկված գաղափարի իրականացման խոչընդոտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել