Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

40 000 արժեցած «հրաժարական»

Սեպտեմբեր 10,2009 00:00

Հայցվորների իրավունքները շարունակվում են ոտնահարված մնալ

Դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին էր, որ «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 նախկին աշխատակից, որոնք նաեւ ընկերության բաժնետերեր են, դիմել էին Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն՝ իրենց իրավունքները վերականգնելու խնդրանքով: 2007 թվականի մայիսին ընկերության տնօրեն Արամայիս Լալազարյանը, առանց 11 բաժնետերերի մասնակցության, վաճառել է ընկերությանը պատկանող շենք-շինությունն ու հողամասը: Նախկին 11 աշխատակիցները «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ-ի շենք-շինության, զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով 2008 թվականի սկզբին դիմել էին դատարան: Սակայն երկար դատավարությունից հետո հայցվորները հրաժարվել են հայցից, գտնելով, որ դատարան էին դիմել ոչ ճիշտ հայցապահանջով: Քաղգործը կարճվել էր եւ կայացվել վճիռ, ըստ որի՝ յուրաքանչյուր հայցվորից պետք է բռնագանձվեր 4000 դրամ գումար՝ որպես պետական տուրք: Սակայն Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնի հաղորդմամբ՝ «Նշված վճիռը հակասում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին, որում նշված է. «Ոչ գույքային պահանջով հայցադիմումների համար պետական բյուջե պետք է վճարվի բազային տուրքի քառապատիկի չափով»: Բազային տուրքը սահմանված է 1000 դրամ եւ այս գործով պետք է պետական բյուջե վճարվի 4000 դրամ, ինչը հայցվորները ժամանակին վճարել են: Իսկ դատարանի վճռով, համաձայն որի՝ 11 հայցվորից յուրաքանչյուրը պետք է վճարի 4000, միասին՝ 44 000 դրամ, խախտվել է նրանց գույքային իրավունքը: Դատարանի վճիռը հակասում է նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությանը, քանի որ դատարան դիմելու համար պետական տուրք վճարվում է ըստ հայցապահանջների քանակի, այլ ոչ թե ըստ հայցվորների կամ պատասխանողների թվի: Այդ առնչությամբ էլ Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բողոքը բավարարվել է: Վերաքննիչի այս վճռից հետո Կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության հարավային քաղաքացիական դատարան՝ «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ-ի 11 բաժնետերերի բաժնեմասերի փաստը հաստատելու պահանջի մասին»: Հուլիսի 1-ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվել, նախնական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին, որը, սակայն, պատասխանող կողմի բացակայության պատճառով հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 7-ը: Փաստաբան Սուրեն Բաղրամյանը այս առթիվ հայտարարել է. «Դատարանը այդ ընթացքում ծանուցում է ներկայացրել պատասխանող կողմին, սակայն պարզվել է, որ պատասխանողը տվյալ հասցեում չի բնակվել, իսկ ծանուցումը վերադարձվել է: Դատարանը գտավ, որ պատշաճ ծանուցում չի ապահովվել եւ դա բավարար համարեց գործը մեկ անգամ եւս հետաձգելու համար: Սակայն Քաղդատօրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, թույլատրվում էր գործի քննությունը շարունակել առանց պատասխանող կողմի մասնակցության: Այնինչ, դատավորը ավելորդ անգամ ձգձգեց գործի քննությունը»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է հոկտեմբերի 7-ին դատաքննությունը կրկին հետաձգվի, փաստաբանը պատասխանեց, որ հոկտեմբերի 7-ին իրենք ստիպված կլինեն դատավարական գործողություններն իրականացնելու միջնորդություն ներկայացնել, որը նորից հետաձգման պատճառ կառող է հանդիսանալ եւ հավելեց. «Անհարգելի ձգձգումը հակասում է ողջամտության ինստիտուտին: Բավական երկար ժամանակ է՝ հայցվորների իրավունքները շարունակվում են ոտնահարված մնալ: Ի՞նչ է նշանակում ամիսներով հետաձգել գործի քննությունը, ինչ է թե՝ պատասխանող կողմը չի ցանկանում իր իրավունքները պատշաճ կերպով իրականացնել»:

Իսկ թե ինչու պատասխանող կողմը, այնուամենայնիվ, չի ցանկանում դա անել, մնաց հարց: Պարզվում է՝ նրան գտնելը դժվար գործ է:

Այնուամենայնիվ, միայն հոկտեմբերի 7-ին պարզ կդառնա, թե ինչպիսին կլինեն այս գործի հետագա զարգացումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել