Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թղթի վրա եւ իրականում Ո՞ւմ համար է անվճար բուժսպասարկումը

Սեպտեմբեր 10,2009 00:00

Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը՝ Վահե Կամոյի Չիլինգարյանը, օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան՝ Նորք-Մարաշի հիվանդանոց: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը եւ նրան անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի, երեխայի բուժումը տեւական է լինելու, եւ մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժման ծախսերը կազմելու են մոտ 200 հազար դրամ, իսկ ընտանիքը միջոցներ չունի:

Փոքրիկի կյանքը փրկելու համար տեղական հեռուստաընկերության (ուր տողերիս հեղինակը լրագրող է աշխատում) տնօրինությունը խոստացավ ընդառաջել: Եթերով կոչ հղվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի ազգաբնակչությանը, գործարարներին, հիմնարկությունների ղեկավարներին: Աջակցողներ եղան, ինչպես՝ Կողբ գյուղից միայնակ թոշակառու, բազմավաստակ մանկավարժ Ռոզա Ազատյանը, ով իր 40 հազար դրամ կենսաթոշակից նվիրաբերեց 10 հազար դրամ, Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը 20 հազար դրամ տրամադրեց եւ այլն: Դրանից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 3-ին «Քամուտ» հեռուստաընկերության ուղիղ եթերի հյուրն էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, փորձառու մանկավարժ Լուսյա Ղարախանյանը տիկին Կարինեին հարց ուղղեց փոքրիկ Վահեին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ: Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն պարզաբանեց, որ Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է՝ պետպատվերի շրջանակներում: Դրանից երկու օր անց կրկին Նոյեմբերյանի հեռուստաընկերություն այցելեց Վահեի տատը՝ տիկին Սիրուշը: Նա ասաց, որ Կարինե Դովլաթբեկյանը հեռախոսով կապվել է «Արրաբկիր» բժշկական կենտրոնի հետ եւ հետաքրքրվել Վահե Չիլինգարյանի մասին: Սակայն Սիրուշի տղայի՝ փոքրիկ Վահեի հոր ասածները չեն տեղավորվում երեխաներին անվճար բուժելու հայտարարությունների մեջ: Հայրը տեղեկացրել է, որ երեխայի համար հավաքված գումարից 20 հազար դրամ տրվել է Վահեին արյուն ներարկելու, եւս 20 հազար դրամ՝ դիալեզի եւ 35 հազար դրամ՝ բժշկուհուն վճարելու համար: Առաջիկայում էլ պետք է 50 հազար դրամ վճարվի երեխայի հետագա բուժման համար: Ստացվում է, որ Հայաստանում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումը ձրի է միայն թղթի վրա, սակայն իրականությունն այլ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել