Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Այս տարվա հուլիսի 3-ին լրացել է Բելառուսի ազատագրման 65-ամյակը: Հոլեբյանի կապակցությամբ Բելառուսի նախագահի հրամանագրով մեդալներով պարգեւատրվել են նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բելառուսի ազատգրմանը մասնակցած սյունեցի վետերանները: Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն սեպտեմբերի 8-9-ին այցելել էր Սյունիք՝ պարգեւները հանձնելու: Բելառուսի ազտագրմանը մասնակցած սյունեցի 22 վետերաններից այսօր 20-ն են ողջ:

Սեպտեմբերի 8-ին դեսպան Սուխարենկոն պարգեւատրեց եւ շնորհակալություն հայտնեց կապանցի եւ գորիսցի վետերաններին: Կապանի քաղաքապետարանն էլ իր հերթին նվերներ հանձնեց վետերաններին: Սյունիքի մարզպետարանում միջոցառման ժամանակ կապանցի չորս վետերանները հիշեցին պատերազմի օրերը եւ շնորհակալություն հայտնեցին, որ իրենց չեն մոռացել: Այնուհետեւ հայերն ու բելառուսները խմեցին Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Բելառուսի նախագահի եւ հայ-բելառուսական բարեկամության հարատեւության կենացները:

Օգտվելով պատեհ առիթից, բելառուս հյուրերը եղել են «Դինո-Գոլգ Մայնինգ» ընկերությունում, գովազդել բելառուսական հայտնի «Բելազ» գործարանը, համագործակցության առաջարկ արել՝ հիշեցնելով, որ «Բելազի» արտադրանքից օգտվում են շատ երկրներ եւ «Դինո-Գոլգ Մայնինգը» իր հանքերի համար կարող է հենց բելառուսական տեխնիկա ձեռք բերել: Ընկերության առաջին արձագանքը դրական չէր. «Դինո-Գոլգ Մայնինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Ռոն Մոբլին բելառուսներին ասաց, որ ներկայիս ճգնաժամի հետեւանքով ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Բելառուսի դեսպանը նախ տեղեկացրեց, որ «Բելազի» արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է ապագայի մասին մտածի եւ ցանկացավ ճգնաժամի շուտափույթ հաղթահարում ու հույս հայտնեց, որ ճգնաժամից հետո համագործակցությունը կլինի:

Սեպտեմբերի 9-ին դեսպան Սուխարենկոն այցելել է Ագարակ եւ Քաջարան՝ նույն առաքելությամբ. պարգեւատրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալոռուսի ազատագրմանը մասնակցած վետերաններին եւ Ագարակի ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների ղեկավարության հետ քննարկել «Բելազի» հետ համագործակցության հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել