Սեպտեմբերի 10-ին, ժ.14-ին, ՀՀ փաստաբանների պալատում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է քննարկում՝ կապված Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նպատակահարմարության, քաղաքացիներ-Հանրային պաշտպանի գրասենյակ փոխհարաբերությունների հետ:
«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագիրն իրականացնում է 2009 թ. հուլիսից՝ նպատակ ունենալով պարզել հանրային պաշտպաններից հրաժարումների պատճառները եւ հասցեականությունը: Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, որտեղ անցնող տարիներին հանրային պաշտպաններից հրաժարումները մեծ տոկոս են կազմում:
Հետաքննող լրագրողների տեղեկացմամբ, 2008թ. հանրային պաշտպաններից հրաժարվելու 364 դեպք է գրանցվել, որից 291-ը բաժին է ընկնում նախաքննություններին: 2009թ. առաջին կիսամյակի հաշվետվություններով՝ հանրապետությունում հանրային պաշտպաններից հրաժարումների 102 դեպք է գրանցվել, որից 62-ը՝ մարզերում, եւ դարձյալ հիմնականը բաժին է ընկնում նախաքննություններին: Առկա վիճակագրությունը փաստում է, որ նախաքննության ընթացքում հանրային պաշտպանից հրաժարվող անձինք դատարանում ցանկացել են օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից: