Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուների ըմբոստացումը

Սեպտեմբեր 10,2009 00:00

Փակվում է VTB- բանկի եւս մի մասնաճյուղ

\"\"Մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 12-ին, «VTB-Հայաստան» բանկի Ազատության 2 հասցեում («Մոնումենտի» տարածքում) գտնվող մասնաճյուղը չի գործելու: Այս հասցեից օգտվող քաղաքացիներին սպասարկելու է Ազատության 20 հասցեում՝ Զեյթունի ոստիկանության դիմաց գտնվող մասնաճյուղը: Այս լուրը մեծ խուճապ եւ մտահոգություն է առաջացրել թե՛ բանկի աշխատողների, թե՛ հատկապես տարեց սպասարկուների շրջանում: Արդեն երրորդ օրն է, ինչ կազմակերպվել է ստորագրահավաք: 415 թոշակառուների ստորագրություններով դիմումները առաջիկա օրերին կուղարկվեն կառավարություն:

Թոշակառուները «Առավոտի» հետ զրույցում բարձրացրին տարածքային հեռավորության հարցը: Նրանք թոշակ ստանալու համար Հաղթանակի զբոսայգու տարածքից պետք է «բարձրանան» Զեյթուն թաղամաս, այսինքն՝ քաղաքային տրանսպորտից օգտվեն, քանի որ խոսքը 7-6 կանգառի մասին է:

76-ամյա զրուցակիցս՝ Մարատ Ամիրջանյանը վրդովված էր. «Չեմ կարող հասկանալ, ինչ են մտածում, որ այս մասնաճյուղը փակում են, ո՞վ է մեր մասին մտածելու: Ամռանն է դժվար քայլելը, ի՞նչ ենք անելու ձմռանը»: 64-ամյա Սոնա Մելիքյանն էլ «Առավոտին» ասաց, որ իր տանը այդքան մոտ գտնվող մասնաճյուղից օգտվելը եւ՛ հարմար էր, եւ՛ հեշտ. «Մտածում եմ, ո՞վ է իմ փոխարեն թոշակ ստանալու կամ կոմունալ ծախսերը վճարելու, գոնե հաշվի առնեն մեծահասակների առողջական խնդիրները»: Մասնաճյուղի փակման հետեւանքով բանկի երեք աշխատակից գործազուրկ կդառնա: Աշխատակիցներից Սիրանուշ Ղազարյանի խոսքով, ինքը հայտնվել է անելանելի վիճակում: Նրա միակ հույսն այն է, որ վարչապետին ուղղված թոշակառուների նամակներն ու ստորագրությունները դրությունը կփրկեն:

Լուսինե Գալստյանը եւս գործընկերոջ իրավիճակում է հայտնվել. չգիտի՝ ճգնաժամի այս պայմաններում որտե՞ղ է աշխատանք փնտրելու: Նրա հավաստմամբ, նախորդ ամիս էլ Նորք համայնքի բանկի երկու մասնաճյուղ է փակվել: Նրա տեղեկացմամբ, որոշ լուրերի համաձայն, բանկի տնօրինությունը նախատեսել է մինչեւ դեկտեմբեր մասնաճյուղերի փակման թիվը հասցնել 30-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել