Վիճարկվել են կալանավորման օրինականության հարցերը
«Առավոտին» հաճախ են հարցնում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները կիրառվու՞մ են Հայաստանի դատական համակարգում կամ տեղացի բողոքաբերները հղումներ անո՞ւմ են Եվրոպական կոնվենցիային: Պարզվեց՝ այո: Ներկայացնում ենք դրանցից առավել հնչեղություն ստացած երկու գործ:
Անցյալ տարվա մարտի 7-ին ձերբակալվում է Ասլան Ավետիսյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրում մարտի 8-ին՝ մարտի 1-ի «զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու», բռնություններին, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալու համար: Ավետիսյանի պաշտպանը միջնորդում է, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինվի գրավով եւ խնդրում է, որպեսզի հստակեցվի գրավի չափը:
Սակայն նախաքննության մարմինը մերժում է, գտնում, որ նա մնալով ազատության մեջ՝ հնարավոր է խոչընդոտի գործի քննությանը:
Ավետիսյանի պաշտպանական կողմի պնդմամբ, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության եւ քրեական վերաքննիչ դատարանները չեն հիմնավորել Ավետիսյանի կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը, «չեն բերում որեւէ հիմք, թե Ավետիսյանը գտնվելով ազատության մեջ, ինչ անօրինական գործողություններ կարող է կատարել եւ ինչպես կարող է խոչընդոտել գործի բազմակողմանի, անաչառ, լրիվ քննությանը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը, քննության դնելով այս գործը, վերլուծելով փաստացի հանգամանքները, հղում է անում «Յագսինն ու Սաժինն ընդդեմ Թուրքիայի» (1995թ. հունիսի 8) գործին, մասնավորապես մեջ բերելով վճռի հետեւյալ պատճառաբանական հատվածը. «Դատարանը, անշուշտ, ոչ մի դեպքում թույլատրելի չի համարի որեւէ դատական որոշում, որը հիմնված կլինի ստանդարտ ձեւակերպումների վրա, առանց արդարադատությունից թաքնվելու վտանգի առկայության պատճառների որեւիցե պարզաբանման»:
Հղում անելով մեկ այլ գործի՝ «Մամեդովան ընդդեմ Ռուսաստանի» (2006թ. հունիսի 1), Հայաստանի վճռաբեկ դատարանը մեջ է բերում հետեւյալը. «Ներպետական իշխանությունների պարտականությունն է կալանքի ժամկետի երկարացման հիմքերին համապատասխան կոնկրետ փաստերի առկայությունն ապացուցելը»: Ի դեպ, վճռաբեկ դատարանի տրամաբանությամբ, ՀՀ իրավասու դատարանները՝ համաձայն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածի, պարտավոր էին անձի կալանավորման հարցը լուծելիս քննարկել մեղադրյալի՝ դատաքննությանը ներկայանալու այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, ինչն ամրագրված է ԵԴ նախադեպային իրավունքով: Ինչը չէր արվել եւ, հետեւաբար, բարձրագույն դատարանի կողմից բեկանվեց:
2 տարի առաջ ձերբակալվել է Վարդան Մինասյանը: Նա մեղադրվել է հրազենով, Աբովյանում, երթեւեկության ժամանակ ձայնային ազդանշաններ տալու, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ «ռազբորկայի» մասնակցելու, Գեւորգ Ստեփանյանին սպանելու, Ռոբերտ Վարդապետյանին եւ Վահագն Հովհաննիսյանին ծանր վնասվածքներ հասցնելու համար: Կոտայքի մարզի, ապա՝ մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, Հյուսիսային քրեական դատարանների կողմից նրա նկատմամբ ընտրվել է կալանքը՝ որպես խափանման միջոց: Պաշտպանական կազմը՝ Լ. եւ Ռ. Սահակյանները, Ե. Վարոսյանը հղում էին արել Եվրոպական դատարանում քննված «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի» (2000թ.) գործին, գտնելով, որ Վարդան Մինասյանի կալանքն անօրինական է: Պաշտպանական կողմը պնդել էր, որ «Դատարանը կալանք է ընտրել առանց Մինասյանի կողմից կատարված դեպքին առնչություն ունենալու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության մասին վկայող որեւէ փաստաթղթի»:
Հաշվի չէր առնվել այն, որ Մինասյանն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, նախկինում դատված չի եղել, հետեւաբար՝ արատավորված չէր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա, կին եւ տարեց մայր:
Ի դեպ, «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի» գործով կա այսպիսի պարզաբանում. «Անձի կալանքի հիմնավորումը սոսկ այն փաստով, որ գործը փոխանցվել է դատարան, չի կարող հանդիսանալ «օրինական» հիմք՝ անձի կալանքը շարունակելու համար»: ՀՀ վճռաբեկ դատարանը այս օրինակով գտավ, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավունքի անօրինական սահմանափակում է: Սակայն այս պատճառաբանությունները կցվեցին օրինական ուժի մեջ մտած նախորդ դատավճիռներին, որոնք մնացին այս դեպքում անփոփոխ: