Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկներին կհաշվառե՞ն

Սեպտեմբեր 10,2009 00:00

Բնապահպանության նախարարության արձագանքը՝ «Առավոտի» հրապարակմանը

Մեր թերթի օգոստոսի 26-ի համարում տպագրված «Ձկներին չեն հաշվառում» հոդվածում անդրադարձել էինք այն փաստին, որ այս տարի Սեւանա լճի առկա ձկնապաշարների հաշվառում չի կատարվել, քանի որ մինչ այդ ուսումնասիրություններն իրականացրած ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցել մրցույթին: Ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ բնապահպանության նախարարությունը շահագրգռված է, որպեսզի այսուհետեւ ուսումնասիրություններն իրականացվեն բացառապես նախարարության ենթակայության տակ գտնվող «Սեւան ազգային պարկի» մասնագետների կողմից, ինչն էլ, Բ. Գաբրիելյանի խոսքերով, կարող է հանգեցնել նրան, որ բնապահպանության նախարարությունն ինչ ասի, այդ տվյալներն էլ գրվեն եզրակացության մեջ:

Եվ ահա, հրապարակումից տասներկու օր անց, մենք ստացանք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ բյուջետային գործընթացի համակարգման բաժնի պետ Ռոման Չոբանյանի պատասխանը, որտեղ նա ներկայացնում է վերը նշված հոդվածում տեղ գտած կարծիքների, տեսակետների վերաբերյալ նախարարության տեսակետը: Ըստ պարոն Չոբանյանի, 2005-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը ամենեւին կապ չունի ինստիտուտի ֆինանսական խնդիրների, առավել եւս՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի ֆինանսավորման եւ այդ գումարների նվազեցման հետ: Աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված գումարների նվազեցումը, ըստ պաշտոնյայի, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքն է, եւ նախատեսված գումարն էլ 4 միլիոնից նվազեցվել է 3,6, այլ ոչ թե 3,5 միլիոն դրամի, ինչպես նշված էր հոդվածում:

Ըստ պարոն Չոբանյանի. «Օրենսդրությամբ նախատեսված են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի եւ պայմանագրերի կատարման համար երաշխիքներ, որոնք կարող են լինել կանխիկ դրամի ձեւով, բանկային կամ ապահովագրական ընկերությունների կողմից տրված երաշխիքներով: Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ընտրել է երաշխիքի ոչ արդյունավետ եւ թանկ ճանապարհ: Ապահովագրական ընկերությունից վերը նշված երաշխիքների ստացման համար ընկերությունը կծախսեր ընդամենը 5-6 հազար դրամ, իսկ կանխիկ դրամի կամ բանկային երաշխիքի դեպքում այդ գումարները սառեցվում են մինչեւ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ավարտը, ավելացրած՝ 40 օր: Բացի այդ, հոդվածում «սառեցվող գումարները» ինստիտուտի տնօրենի կողմից ուռճացվել եւ հասցվել են 20%-ի, մինչդեռ դրանք 10%-ը չեն գերազանցում»:

Պարոն Չոբանյանը հիմնավորված է համարում ուսումնասիրության շրջանակի ընդլայնումը՝ ի դեմս իշխան ձկնատեսակի պաշարների հաշվառման, քանի որ. «2006-2008 թթ. լիճ է բաց թողնվել ընդհանուր 119.1 մլն դրամ արժեքով մոտ 500 հազար 1,5-100 գրամանոց գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձուկ, եւ այսօր անհրաժեշտ է գնահատել դրա արդյունավետությունը»: Պաշտոնյայի կարծիքով, հիմնավորման անհրաժեշտություն ունի նաեւ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի կողմից հոդվածում ինստիտուտը միակ մասնագիտացված կազմակերություն ներկայացնելու փաստը. «ՀՀ բնապահպանության նախարարությունը բազմիցս դիմել է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավարությանը, որ ներկայացնեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տրամադրված շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ինստիտուտի տնօրենը ուղղակի «հավես» չունի հավաքել մրցույթին անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ նրան երբեք չի հաջողվում դրանք պատշաճ ներկայացնել (ելնելով 2005 եւ 2006 թթ. փորձից)»:

Ռ. Չոբանյանի ներկայացմամբ. «Բնապահպանության նախարարությունը ամենեւին էլ միտված չէ այդ ուսումնասիրությունները կատարել սեփական ուժերով: Վերջին 2 տարիներին օրենքով սահմանված մրցութային կարգով հաղթել եւ այդ ուսումնասիրություններն իրականացրել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, քանի որ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը մրցույթներին չի մասնակցել»:

Հ. Գ. Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրեց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բ. Գաբրիելյանը, բնապահպանության նախարարությունը կրկին դիմել է իրենց՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել