Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՐԲԵՄՆ ՀՅՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Գավառի մանկատան երեխաներից ոմանք, որոնք թեեւ ծնողներ ունեն, սակայն մանկատանն են բնակվում, պատմում են, որ ծնողների տանն իրենց խորթ ու օտար են զգում:

Այսօր Գավառի մանկատանն ապրում է 3-18 տարեկան 79 երեխա՝ 41 աղջիկ եւ 38 տղա: Նրանք հիմնականում դպրոցահասակ երեխաներ են: Կան քիչ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ եւ մի քանի ուսանողներ, որոնք ընդունվել են Գավառի մանկավարժական ու բժշկական քոլեջներ եւ շարունակում են բնակվել մանկատանը:

«Առավոտի» հետ զրույցում մանկատան սոցիալական աշխատող Նինա Աչիկյանը պատմեց, որ երեխաները մանկատուն են բերվել տարբեր պատճառներով: Նրանց մեծ մասին լքել են ծնողները, մի մասն էլ մանկատանն է հայտնվել ընտանիքի անապահով վիճակի պատճառով: Ն. Աչիկյանն ասաց, որ երեխաներից 10-ը ծնողազուրկ են, 37-ը՝ միայնակ մայրերի զավակներ, 5-ը՝ ընկեցիկ: Մնացած երեխաները ծնողներ ունեն:

Երեխաների եւ մանկատան տնօրինության հետ զրույցից տեղեկացանք, որ ծնողներ ունեցող երեխաներին հայրն ու մայրը երբեմն այցելում են, կամ մի քանի օրով նրանց «հյուր» են տանում: Սակայն այդ կարճատեւ այցերից ու հյուրընկալությունից երեխաների մեջ, ոգեւորության փոխարեն, կարոտ ու հիասթափություն է առաջանում: Օրինակ, երեխաներից մեկը՝ Ռուստամը, որը մանկատուն է տեղափոխվել 3 տարի առաջ, ասաց, որ իրեն մանկատանն ավելի լավ ու ազատ է զգում. «Ճիշտ է, մայրիկս ինձ երբեմն տուն է տանում, բայց ես չեմ ուզում գնալ, ոնց որ խորթ ու օտար լինեմ»: 17-ամյա Դիանան, որն այս տարի ընդունվել է Գավառի պետական համալսարան, մեծ հույսեր է կապում, որ իր ապագան ավելի լավը կլինի, քան անցյալն է եղել: Դիանան պատմում էր, որ իր ծնողներին գրեթե չի հիշում, նրանք ավտովթարից մահացել են, երբ ինքը դեռ շատ փոքր է եղել:

Երեխաները կարող են մանկատանը հանգրվանել մինչեւ 18 տարին լրանալը, որից հետո սկսվում է կյանքին հարմարվելու մի նոր փուլ: Տղաները մեկնում են բանակ՝ ակնկալելով, որ ծառայությունից հետո աշխատանք կգտնեն եւ կկարողանան դասավորել իրենց կյանքը:

Աղջիկների հարցն ավելի դժվար է: Այս տարի իրենց 18 տարին բոլորել են մանկատան երեք աղջիկներ: Նրանցից մեկին ծնողները պատրաստ են տուն տանել, մյուսին՝ մանկատունն ուղարկելու է «Մեր տուն» հ/կ-ի ինտերնատ, ուր սովորաբար տեղավորվում են 18 տարին լրացած մանկատան սաները: Երրորդին էլ աջակցելու է Երեւանում գործող «Բազյաններ» հ/կ-ն: Մանկատան 3 սաները, որոնց 18 տարին արդեն լրացել է՝ ուսանող են, սակայն, բացառության կարգով, դեռեւս համարվում են մանկատան բնակիչներ:

Նշենք նաեւ, որ ոչ պետական բուհերում սովորելու համար մանկատան երեխաներին ուսման վարձը վճարել օգնում է ՀՕՖ-ը, միեւնույն ժամանակ՝ նրանց տրամադրելով կրթաթոշակ: Իսկ պետական բուհերում այս խնդիրը կարգավորվում է պետական միջոցներով:

«Առավոտը» զրուցեց նաեւ մանկատան երեխաներին խնամատար ընտանիքներ տեղափոխելու մասին: «Խնամատար ընտանիք» ծրագրի շրջանակում նախորդ տարի ընտանիքներ են տեղափոխվել 10 երեխաներ, իսկ ֆրանսիական Քեյթեր քաղաքի քաղաքապետարանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ եւս 10 երեխաներ այսօր ապրում են տարբեր ընտանիքներում, որի դիմաց այդ ընտանիքները համապատասխան ֆինանսավորում են ստանում:

Թեեւ Գավառի մանկատունն այսօր ապահովված է շենքային եւ գույքային գերազանց պայմաններով, սակայն առկա է հագուստեղենի ու տնտեսական պարագաների պակաս, ինչը պետության կողմից հատկացված գումարով հնարավոր չէ հոգալ, իսկ հովանավորների թիվը վերջին տարիներին կտրուկ նվազել է:

Նշենք, որ Գավառի մանկատունը գործում է 1936-ից եւ համարվում է Հայաստանի ամենահին որբախնամ հաստատություններից մեկը: Այն սկզբնապես նախատեսված է եղել նախադպրոցական հասակի երեխաների համար, հետագայում արդեն տարիքային սահմանափակումը վերացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել