Պաշտոնական Երեւանի հետ երբեւէ չեն քննարկվել տարանցիկ երկրի կարգավիճակով «Nabucco» նախագծին Հայաստանի մասնակցության եւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա մայրուղու կառուցման հարցերը: Ըստ «Մեդիամաքսի», երեկ այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարանցիկ երկրի կարգավիճակով Հայաստանը «Nabucco» նախագծում ներգրավելու, ինչպես նաեւ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն Լաչինի միջանցքով ու Հայաստանով Թուրքիային, այնուհետեւ Եվրոպային կապող «Խաղաղության ճանապարհ» մայրուղի կառուցելու մասին, Սամվել Ֆարմանյանն ասել է, որ ՀՀ իշխանություններն «այդ գաղափարների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն»:
Նշենք, որ «Nabucco» նախագծով նախատեսվում է Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի գազային պաշարները Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով հասցնել ԵՄ երկրներ: